Հզոր փոթորիկն ԱՄՆ-ում զանգվածային հոսանքազրկումներ և ջրհեղեղներ է առաջացրել․ հետաձգվել է Գոհաբանության օրվա շքերթը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունների ընթացքում հզոր փոթորիկը երկրի արևելյան ափին զանգվածային հոսանքազրկումների, ջրհեղեղների և ավիաչվերթների խափանումների պատճառ է դարձել։ Ուժեղ քամիները տապալել են ծառեր և վնասել էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է Reuters-ը։
FlightAware ավիաչվերթների տվյալների հարթակի համաձայն՝ ԱՄՆ-ի հետ կապված 454 չվերթ չեղարկվել է, ևս 2411-ը՝ հետաձգվել։ Առավել մեծ խափանումներ են գրանցվել Վաշինգտոնի և Նյու Յորքի օդանավակայաններում։
PowerOutage.us-ի տվյալներով՝ հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 21։56-ի դրությամբ, ԱՄՆ-ում ավելի քան 908 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։
Հոսանքազրկումներ են գրանցվել Փենսիլվանիայում՝ ավելի քան 207 հազար, Նյու Ջերսիում՝ ավելի քան 179 հազար, Մերիլենդում՝ 139 հազար, Վիրջինիայում՝ 106 հազար, Միսսուրիում՝ 100 հազար և Նյու Յորք նահանգում՝ ավելի քան 68 հազար սպառողի շրջանում։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Վիրջինիայի, Մերիլենդի, Դելավերի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի և Նոր Անգլիայի ափամերձ շրջանների որոշ հատվածներում քամու արագությունը հասել է կամ, ըստ կանխատեսումների, կարող էր հասնել 80–112 կմ/ժ-ի։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկին ուղեկցող ուժեղ քամիները, զուգորդվելով մակընթացության բարձր մակարդակի հետ, ԱՄՆ արևելյան ափի որոշ ցածրադիր բնակավայրերում ափամերձ ջրհեղեղների պատճառ են դարձել։
Փոթորկի վտանգի պատճառով Նյու Յորքում հետաձգվել է Macy’s Thanksgiving Day Parade-ի 100-րդ ամենամյա շքերթը։
Reuters-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ միջոցառումը հետաձգվել է եղանակային վտանգավոր պայմանների պատճառով։

