Սլովակիայում զանգվածային հակակառավարական հանրահավաքներ են տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սլովակիայում հազարավոր մարդիկ մասնակցել են լիբերալ ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հակակառավարական հանրահավաքներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dennik N պորտալին։
Ամենախոշոր հանրահավաքը տեղի է ունեցել Բրատիսլավայում, որին մասնակցել է շուրջ 25 հազար մարդ։ Ցուցարարները 2027 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոչ են արել ընդդիմադիր ուժերին միավորվել:
Հանրահավաքների ընթացքում հնչել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչեր, քանի որ գործող կառավարությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում և կայուն կերպով կարող է հենվել 150 պատգամավորներից միայն 75-ի աջակցության վրա։
Հանրահավաքները նվիրված էին նոյեմբերի 17-ին Սլովակիայում նշվող Տոտալիտարիզմի դեմ պայքարի օրվան։ 1989 թվականի այդ օրը սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխությանը, որի արդյունքում երկրում իշխանությունը կորցրեց Կոմունիստական կուսակցությունը։

