«Մենք բոլորս սիրո կարիք ունենք»․ Սիմոն Աբգարյանը՝ դը Գոլի, հայկական ինքնության և «Կազինո Ռոյալ»–ի մասին

15.07.2026, 22:54
«Ոսկե ծիրան» Երևանի 23–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիսատեսի հետ հանդիպման ժամանակ դերասանը պատմել է դը Գոլի կերպարի վրա կատարած աշխատանքի, դերասանական վարպետության, հայկական ինքնության, կինոյի, սիրո և ինքնաճանաչման մասին
«Մենք բոլորս սիրո կարիք ունենք»․ Սիմոն Աբգարյանը՝ դը Գոլի, հայկական ինքնության և «Կազինո Ռոյալ»–ի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսին քաջ հայտնի է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում նկարիչ Արշիլ Գորկու և Ռոբեր Գեդիգյանի «Ոճրագործների բանակը» կինոնկարում բանաստեղծ ու ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի դերերով։

Նրա՝ միջազգային առավել աչքի ընկնող աշխատանքներից մեկը դարձավ Ջեյմս Բոնդի հակառակորդի դերը «Կազինո Ռոյալ» ֆիլմում։

Աբգարյանի նոր խոշոր աշխատանքը դարձավ գլխավոր դերը Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» երկսերիանոց սագայում, որը նվիրված է Շառլ դը Գոլին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա գլխավորեց «Ազատ Ֆրանսիա» շարժումը և դարձավ ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշերից մեկը։

«Դը Գոլը կարծես Դոն Կիխոտ է, որը պայքարում է միայնակ։ Տարբերությունը միայն այն է, որ նա հասնում է հաջողության։ Դերասանի համար մարդկային հոգին ներկայացնելը միշտ մեծ պատասխանատվություն է։ Բայց մարմնավորել այս խորհրդանշական կերպարը ֆրանսիական կոլեկտիվ հիշողության պանթեոնում՝ տասնապատիկ մեծ պատասխանատվություն է։ Դա շատ կարևոր էր ինչպես քաղաքական, այնպես էլ գեղարվեստական առումով»,- ասել է Աբգարյանը։

«Ոսկե ծիրան» Երևանի 23–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիսատեսի հետ հանդիպման ժամանակ դերասանը պատմել է դը Գոլի կերպարի վրա կատարած աշխատանքի, դերասանական վարպետության, հայկական ինքնության, կինոյի, սիրո և ինքնաճանաչման մասին։

Симон Абгарян

Իմիտացիայի և դերասանական ընթերցման միջև

Աբգարյանը պատմել է, որ նկարահանումներին պատրաստվելիս մոտ երեք շաբաթ շարունակ՝ օրական ութ ժամ, դիտել է արխիվային կադրեր դը Գոլի մասնակցությամբ։

«Դրանից հետո ես փակեցի համակարգիչը և ինքս ինձ ասացի՝ մնացածը ես կպատկերացնեմ»,- նշել է նա՝ հավելելով, որ արխիվային նյութերն օգտագործել է որպես ելակետ կերպարի ստեղծման համար։

«Նման կերպարների դեպքում դու ունես երկու ճանապարհ։ Կարող ես գնալ դեպի ծաղրանկար, փորձել նմանակել ձայնը, ինչն ինձ համար անհնար է և անհետաքրքիր։ Կամ էլ ինքդ քեզ ասել՝ ոչինչ չեմ անի։ Պետք է գտնել հավասարակշռությունը։ Չէ՞ որ չկա դը Գոլ, որը կգար ու կասեր՝ «Օքեյ, լավ է»»,- ասել է Աբգարյանը։

Նրա խոսքով՝ իր մասնագիտության մեջ պատրաստ չէ գնալ փոխզիջումների։

«Ես արդեն քառասուներկու տարի է՝ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչ է արվեստը, դերասանությունը, ինչ է այն պատասխանատվությունը, որը ես վերցնում եմ ինձ վրա՝ ներկայացնելով կերպարներ, մարդկանց, տագնապներ, գրքեր, պայքար»,- նշել է նա։

Симон Абгарян

Դերասանական վարպետության մասին

«Ես եկել եմ մարմնի, տեքստի և զգացմունքի դպրոցից։ Ինձ համար դերասանը պետք է հստակ ու պարզ փոխանցի սեփական մտքերը, իր զգացմունքները, բայց պետք է իմանա զգացմունքների չափը»,- ասել է Աբգարյանը։

Նրա խոսքով՝ դը Գոլը շարքային կերպար չէ, որի կատարողին կարելի է ընտրել միայն սովորական քասթինգի արդյունքներով։

«Ֆրանսիացիներն իրենք դա չեն թաքցնում. կա որոշակի, շատ զգայուն վերաբերմունք այն հարցին, թե ով է մարմնավորելու նման սրբազան, արդեն պատմական կերպարին։ Եվ, բնականաբար, հավանականությունը, որ դա կլինի ոչ էթնիկ ֆրանսիացի, նույնիսկ հավասար պայմաններում, կարծում եմ, փոքր էր»,- ասել է դերասանը։

Նրա խոսքով՝ դերում հաստատվելն իր համար դարձել է մասնագիտական ճանաչման հաստատում։

«Այդ ամենն ուրախացնում է, որովհետև ևս մեկ ապացույցն է այն բանի, որ դա տեղի է ունենում միայն և բացառապես դերասանական տաղանդի շնորհիվ»,- նշել է Աբգարյանը։

Խոսելով սեփական կարիերայի մասին՝ նա հայտարարել է, որ չէր ցանկանա որևէ բան փոխել։

«Չեմ ասի, թե ամեն ինչ լավ է, բայց պետք է խոստովանել՝ արված է այն, ինչ արված է։ Ես ափսոսանքներ չունեմ, պետք է առաջ շարժվել»,- ասել է դերասանը։

Հայկական ինքնության մասին

Պատասխանելով հարցին, թե արդյոք իր դերասանական խաղաոճում կա ժեստ, շարժում կամ հնարք, որն ընդգծում է հայկական արմատները, Աբգարյանը նշել է, որ իր ողջ գործունեությունը կապված է ինքնության, պատմության, ընտանիքի և ժողովրդի հետ։

«Դա բնավորության գիծ չէ։ Ես շատ լավ հասկանում եմ ողբերգությունը, ցավոք սրտի»,- ասել է նա։

Симон Абгарян

Ով կարող էր դառնալ հայկական կինոյի «դը Գոլը»

Աբգարյանին նաև հարցրեցին, թե որ պատմական կերպարը կարող էր հայկական կինոյի համար դառնալ համադրելի մասշտաբի հերոս։

«Չէ՞ որ մենք խոսում ենք հերոսության մասին, այնպես չէ՞: Մենք կարող ենք պատմել մի կնոջ մասին, ում երեք երեխաները միակ բանն են, ինչի մասին նա մտածում է, և դա հերոսություն է։ Բայց եթե խոսենք պատմական անձանց և իրադարձությունների մասին՝ հնարավոր է, Վարդան Մամիկոնյանը»,- ասել է դերասանը։

Նա հավելել է.

«Պահանջվում է մեկուկես միլիոն ֆիլմ ցեղասպանության մասին, եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է դա»։

«Կազինո Ռոյալի» մասին

Խոսելով «Կազինո Ռոյալ» ֆիլմում իր դերի մասին՝ Աբգարյանը հիշել է երիտասարդ տարիքում ստացած խորհուրդը։

«Քսան տարեկանում ես ծանոթացա մի մարդու հետ։ Նա ասաց՝ «Դու չպետք է համառես, դու պետք է խաղաս ահաբեկչի դեր»։ Եվ ահա՝ Ջեյմս Բոնդ։ Ինձ հրավիրեցին լսումների Իսպանիայում, նրանք ընտրեցին ինձ։ Մենք դա արեցինք»,- պատմել է նա։

Դերասանը նաև նշել է նկարահանումների համար ստացած հոնորարի չափը։

«Լավ փողեր եմ աշխատել, առանց կաշկանդվելու կարող ենք խոսել նաև փողի մասին։ Ես աշխատեցի տասը օր և տասը օր անց տուն գնացի գրպանումս 100 հազար դոլար ունենալով։ Դա քսան տարի առաջ էր»,- ասել է Աբգարյանը։

Սիրո և ինքնաճանաչման մասին

Հարցին, թե ում կերպարն է ցանկանում մարմնավորել էկրանին, Աբգարյանը նշել է 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ, սուֆի և փիլիսոփա Ջալալադդին Ռումիին։

«Դա հանգստության և ինքնաճանաչման մասին է։ Ժամանակն է, որ մենք վերադառնանք հանգստությանը, խաղաղ զրուցենք միմյանց հետ՝ առանց միմյանց սպանելու։ Ինձ դա պակասում է, մեզ բոլորիս է դա պակասում։ Մենք բոլորս սիրո կարիք ունենք»,- ասել է նա։