Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»–ի ղեկավարներ Դավիթ Ղազարյանի և Արայիկ Սարուխանյանի դատավարությունը՝ ՌԴ–ից 44 մլրդ ռուբլի դուրս բերելու գործով

15.09.2026, 21:17
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի ղեկավարներ Դավիթ Ղազարյանին և Արայիկ Սարուխանյանին 44 մլրդ ռուբլի դուրս բերելու գործով
Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»–ի ղեկավարներ Դավիթ Ղազարյանի և Արայիկ Սարուխանյանի դատավարությունը՝ ՌԴ–ից 44 մլրդ ռուբլի դուրս բերելու գործով

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի՝ Հայաստանում թարմ մրգի և բանջարեղենի խոշորագույն արտահանողի ռուսական «դուստր» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով հեռակա դատավարությունը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով «Կոմերսանտ»–ին:

Գործարարներին մեղադրում են կեղծ պայմանագրերով Ռուսաստանից շուրջ 44 մլրդ ռուբլի դուրս բերելու, 5 մլրդ ռուբլու չափով ԱԱՀ-ի վճարումից խուսափելու և փողերի լվացման մեջ:

Մոսկվայի Օստանկինյան շրջանային դատարանում սեպտեմբերի 14-ին սկսվել է Ղազարյանի և Սարուխանյանի նկատմամբ քրեական գործի ըստ էության քննությունը: Նրանց մեղսագրվում է իրավաբանական անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելու արժութային գործառնություններ կատարելը և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը (ՌԴ ՔՕ 199-րդ, 193.1 և 174.1 հոդվածներ):

Դատավարությունն անցնում է հեռակա ռեժիմով, քանի որ երկու գործարարներն էլ, որոշ տվյալներով, այժմ բնակվում են Հայաստանում:

Ղազարյանի և Սարուխանյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔԿ ԳՔՎ-ի կողմից 2019 թվականի ապրիլին: Քննության վարկածով՝ գործարարները Ռուսաստան թարմ մրգի և բանջարեղենի մատակարարման պայմանագրերով երկրից դուրս են բերել շուրջ 44 մլրդ ռուբլի: 2015–2018 թվականներին, երբ, փաստաթղթերի համաձայն, իրականացվել են մատակարարումները, Ռուսաստան է ներմուծվել բանջարեղեն և միրգ պայմանագրերի արժեքի ընդամենը 2%-ի չափով:

Քննության վարկածով՝ գործարքներից հարկերը նույնպես չեն վճարվել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դուրս բերված միջոցները ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը քննությունը որակել է որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում։

Ռուսաստանում հետաքննության մեկնարկից հետո Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանում՝ 17 մլն դոլարի հարկեր չվճարելու համար: Այն բանից հետո, երբ գործարարը փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

2025 թվականի մարտին ՌԴ ՔԿ ԳՔՎ-ն հեռակա մեղադրանք է առաջադրել Ղազարյանին և Սարուխանյանին, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քննությունը համարում է, որ Ղազարյանը գործարարներին մեղսագրվող հանցագործությունների կազմակերպիչն է, Սարուխանյանը՝ կատարողը:

Հետաքննությունը երկու անգամ կասեցվել է մեղադրյալների հետախուզման կապակցությամբ, իսկ հետո վերսկսվել: Դատարան գործը մուտք է գործել 2026 թվականի օգոստոսին:

«ԱՌԿԱ» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է «Սպայկա» ընկերությանը: