«Հիշողության պատկերագրություն». ինչպես Հովհաննես Շարամբեյանը կտավի վրա պահպանեց հին Դիլիջանն ու հայկական ժառանգությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10.09.2026, 13:04
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հովհաննես Շարամբեյան – 100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Հիշողության պատկերագրություն». ինչպես Հովհաննես Շարամբեյանը կտավի վրա պահպանեց հին Դիլիջանն ու հայկական ժառանգությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հովհաննես Շարամբեյան – 100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը։ Այն նվիրված է գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։

Ցուցադրությունը Շարամբեյանին ներկայացնում է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես մի մարդ, որը կարևոր դեր է խաղացել Հայաստանի ազգային ժառանգության պահպանման գործում։

Ցուցահանդեսում ներկայացված են նրա դիմանկարները, բնանկարները և նատյուրմորտները, Շարամբեյանին նվիրված այլ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:

Ցուցանմուշները հավաքված են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև Շարամբեյանի ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:

Նկարիչ, մանկավարժ և թանգարանների ստեղծող

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ հայտարարեց, որ Շարամբեյանի անհատականությունը հնարավոր չէ սահմանափակել մեկ ոլորտով:

«Նա նկարիչ էր և գրաֆիկ, մանկավարժ և հասարակական գործիչ, զբաղվում էր թանգարանային գործով և ակտիվորեն հանդես էր գալիս մշակութային ժառանգության պահպանման օգտին», — հիշեցրեց Հակոբյանը:

Առանձնատուկ կապը Դիլիջանի հետ

Ցուցահանդեսի համադրողներից մեկը՝ Հայկուհի Սահակյանը, պատմեց, որ Շարամբեյանը կերպարվեստ է մուտք գործել 1940-ական թվականներին, իսկ ավելի ուշ նրա ստեղծագործությունն ու մշակութային գործունեությունը սերտորեն կապվել են Դիլիջանի հետ:

Ցուցահանդեսի առանձին հատված նվիրված է հենց այդ շրջանին: Նկարչի կտավներում պահպանվել են հին Դիլիջանի տեսարանները, փողոցները, ճարտարապետությունն ու հատուկ միջավայրը:

Ընդ որում, քաղաքի կյանքում Շարամբեյանի ավանդը չէր սահմանափակվում միայն գեղանկարչությամբ: Նա ակտիվորեն մասնակցում էր Դիլիջանի պատմամշակութային միջավայրի պահպանմանն ու վերականգնմանը:

Սահակյանի խոսքով՝ նկարչի կենդանության օրոք նման մասշտաբի անհատական ցուցահանդես չի անցկացվել: Նախկինում նրա աշխատանքները ցուցադրվել են Դիլիջանում և Իջևանում, իսկ այս ցուցադրությունն առաջին անգամ է այդքան լայնորեն ներկայացնում նրա ստեղծագործական և մշակութային ժառանգությունը:

Գեղանկարչությունից մինչև ժողովրդական արվեստ

Շարամբեյանի գործունեության զգալի մասը կապված էր ժողովրդական արվեստի հետ: Նա այն համարում էր ազգային մշակույթի կենդանի աղբյուր և ձգտում էր ոչ միայն պահպանել ավանդույթները, այլև դրանք դարձնել արդիական ժամանակակից աշխարհի համար:

Նկարչի թոռը և ցուցահանդեսի համադրողներից մեկը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը խոստովանում է, որ ցուցադրության նախապատրաստման ընթացքում մտածել է այն մասին, թե որքան քիչ նկարներ է հասցրել նկարել Շարամբեյանը:

«Նա անսահման սիրում էր գեղանկարչությունը, բայց քիչ ժամանակ էր տրամադրում դրան, քանի որ իրեն նվիրել էր ժողովրդական արվեստին: Նրա աշխատանքի արդյունքը մենք տեսնում ենք մինչ օրս», — նշեց նա:

Աշուղաթոյանի խոսքով՝ Շարամբեյանի ժառանգության մեջ գեղանկարչությունն ու ժողովրդական արվեստը հնարավոր չէ անջատել միմյանցից. այս ուղղությունները լրացնում և ձևավորում են միմյանց:

Հիշողությունը՝ որպես արվեստի մաս

Ցուցահանդեսի կազմակերպիչներն առաջարկում են Շարամբեյանի ժառանգությանը դիտարկել որպես յուրօրինակ «հիշողության պատկերագրության»:

Նրա ստեղծագործություններում մարդիկ, առարկաները, քաղաքային ու գյուղական միջավայրը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու հայրենի բնաշխարհը ներկայանում են որպես ժամանակի հետքը կրող և անցյալի ժառանգությունը ներկային փոխանցող կերպարներ։

Շարամբեյանի համար, մշակութային ժառանգությունը քարացած բան չէր: Նա այն ընկալում էր որպես ժամանակակից ազգային ինքնության կենդանի հիմք:

Այսօր նրա գաղափարներն իրենց շարունակությունն են գտնում Երևանի և Դիլիջանի՝ նրա անունը կրող ժողովրդական արվեստների թանգարաններում։