Հարյուրավոր արտիստներ մեկ բեմում հանդես կգան հայկական պարի միասնական կատարմամբ. Երևանում կանցկացվի «Գութան» փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի և պարի ամենամյա փառատոնը կանցկացվի օգոստոսի 22-ին Երևանում և այս տարի կնվիրվի ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 19:00-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում՝ «Կասկադ» համալիրում։ Փառատոնը կազմակերպվում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ։
Այս տարի փառատոնին կմասնակցի 26 խումբ, իսկ բեմում հանդես կգա ավելի քան 500 մասնակից։
Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալու միասնական կատարմամբ։
Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ բեմը կվերածեն հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։
Մասնակիցների թվում են «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք» և «Ծիլք» խմբերը։
Սփյուռքը կներկայացնեն «Զարկ» խումբը՝ Ռոստովից, «Նժդեհ» և «Կայծ» խմբերը՝ Մոսկվայից, «Արմատը»՝ Բելգորոդից և «Խոյակը»՝ Մյունխենից։
Փառատոնի հիմնարար սկզբունքներն են ազգային երգերի և պարերի ներկայացումը դրանց բնօրինակ և ավանդական ձևով՝ առանց ժամանակակից մշակումների, և բացառապես հայկական ազգային նվագարանների կիրառումը։
Փառատոնի շրջանակում ստեղծվում և ցուցադրվում են նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են հայկական երգի և պարի նշանավոր ներկայացուցիչների կյանքը, գործունեությունը և նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությունը։
Ամեն տարի փառատոնն անցկացվում է Երևանում՝ բաց երկնքի տակ` հնարավորություն տալով հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև Հայաստան այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին անմիջականորեն հաղորդակից դառնալու հայկական մշակույթին և բացահայտելու ազգային երգի ու պարի անաղարտ ավանդույթները։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները, որոնք անցկացվում են Երևանի վարչական շրջաններում և Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում։
Տարիների ընթացքում «Գութան» փառատոնն իրականացվել է նաև Արցախում և Տավուշում՝ նպաստելով ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։

