Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները (ՖՈՏՈ)

15.07.2026, 19:22
Ծաղկաձորում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները․ ՖՈՏՈ
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Դրանք մշտադիտարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք: Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը:

MyCollages (34).jpg

Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է: Ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն:

Ինչպես որմնանկարները, այնպես էլ Կեչառիս վանական համալիրի հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերարների՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից:

MyCollages (35).jpg

Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարները, համաձայն նախագծի, ամրակայվել և մաքրվել են, ինչի ընթացքում ի հայտ են եկել որմնանկարի սյուժեի մանրամասներ, որոնք մինչ վերականգնումը թաքնված էին մրի և աղտոտված շերտի տակ:

MyCollages (36).jpg

Բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, ձախից՝ Աստվածամայրը, աջից՝ Հովհաննես Մկրտիչը, վերևում՝ կամարին պատկերված են ձախից և աջից 6-ական առաքյալներ, իսկ կամարի տակ նույնքան (12) հրեշտակները, որոնց թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք, ինչը բացահայտվել է որմնանկարի մաքրման արդյունքում:

Որմնանկարի վրա, ինչպես նաև վերևում, ներքևում և կողքերից, բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ կան: Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները նախարարության մասնագետները կողմից գնահատվել են լավ: Նախատեսված է աշխատանքներն ավարտվել ընթացիկ տարվա հուլիսի վերջին: