Պատկերասրահ-սրճարան, բաց մշակութային հարթակ. «Արև Արենա» բացօթյա ամֆիթատրոն-համերգասրահի ծրագիրը կընդլայնվի
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընդլայնել Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի տարածքում գտնվող «Արև Արենա» բացօթյա ամֆիթատրոն-համերգասրահի ծրագիրը։
Նախատեսվում է համերգասրահն աստիճանաբար վերածել բազմաֆունկցիոնալ մշակութային, կրթական և ստեղծարար համալիրի, հայտնել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է օգտագործել շենքի 2-րդ և 3-րդ հարկերը, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը շուրջ 400 քմ է, ինչպես նաև տանիքային հատվածը։
«Երկրորդ և երրորդ հարկերում նախատեսվում է ստեղծել դասասենյակներ, ստեղծագործական աշխատարաններ և մշակութային-կրթական լաբորատորիաներ»,- ասաց Սարգսյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա նշեց, որ տարածքները կարող են օգտագործվել երաժշտական կրթության, նկարչության, կիրառական արվեստի, դիզայնի, լուսանկարչության, կինոյի և թվային մեդիայի, թատրոնի, գրականության և այլ ուղղություններով ծրագրերի համար։
Տանիքում նախատեսվում է ստեղծել պատկերասրահ-սրճարան և բաց մշակութային հարթակ՝ ցուցադրությունների, ստեղծագործական հանդիպումների, գրքերի շնորհանդեսների, համերգների և այլ միջոցառումների համար։
Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված պատկերները դեռևս վերջնական ճարտարապետական նախագիծ չեն և ենթակա են ճշգրտման։
Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ընդլայնել նաև Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կրթական հնարավորությունները։ Դպրոցի շուրջ 1200 քմ տարածքում ներկայում սովորում է շուրջ 1000 երեխա, իսկ նոր տարածքների ստեղծմամբ հնարավոր կլինի ծրագրերում ընդգրկել ևս շուրջ 1000 երեխայի։
«Արև Արենայի» տարածքում կազմակերպվում է նաև ամառային ստեղծագործական ճամբար։ Նոր ենթակառուցվածքների առկայության դեպքում նախատեսվում է ճամբարի ընդգրկվածությունը հասցնել շուրջ 500 երեխայի։

