Ճաքած պատեր, գարշահոտություն, վնասված հոսանքալարեր․ Երևանի թիվ 188 դպրոցի ծնողական համայնքն ահազանգում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Գ․ Չաուշի անվան 188 դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Ինչպես ահազանգում են ծնողները, դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, չունի կոյուղի, ամբողջ 16 թաղամասի կոյուղաջրերը անցնում են դպրոցի տակով, որն էլ իր հերթին նպաստում է սողանքների առաջացմանը, դասասենյակի պատերն ամբողջությամբ ճաքած են, անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են դասասենյակներ ու վնասել հոսանքալերը։
Ծնողական համայնքի ներկայացուցիչ Ալինա Համբարձումյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում ու տեղադրել անմխիթար վիճակում գտնվող դպրոցի լուսանկարները՝ հորդորելով պատկան մարմիններին հնարավորինս կարճ ժամանակում լուծում տալ խնդրին։
Ստորև ներկայացնում ենք Համբարձումյանի գրառումն առանց փոփոխությունների․
«Հարգելի´ պատասխանատուներ,
Ես՝ որպես Գ.Չաուշի հարյուր ութսունութ դպրոցի ծնողական համայնքի ներկայացուցիչ, խնդրում և պահանջում եմ յուրաքանչյուրիցդ լինել պատասխանատու ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։

Դպրոց են հաճախում շուրջ 950 աշակերտ,ըստ կրթական որակի՝դպրոցը համարվում է լավագույնը Աջափնյակ համայնքում։ Դպրոցը գտնվում է վթարային վիճակում,որը կփաստի ներքևում տեղադրված նկարները։
Միթե հետպատերազմյան երկրում, Երևանի սրտում պետք է լինի այս աստիճան անմխիթար վիճակում գտնվող կրթական կառույց,որի դահլիճը համարվում է նաև ապաստարան, բայց վերջինիս պատերն այնքան են ճաքել,որ դրսի լույսը ներս է թափանցում։

Դպրոցը չունի կոյուղի,ամբողջ 16 թաղամասի կոյուղաջրերը անցնում են դպրոցի տակով,որն էլ իր հերթին նպաստում է սողանքների առաջացմանը։

Երեկվա տեղացած անձրևը վերջին ակորդն էր, քանի որ տանիքը, սանհանգույցները ևս գտնվում են անմխիթար վիճակում,անձրևաջրերը լցվել են դասասենյակները, վնասվել են հոսանքալարերը:
Հենց երեկ, երբ հերթական անգամ մոտեցա դպրոցին երեխաներիս տուն տանելու նպատակով, անմիջապես ականատեսը եղա սարսափելի տեսարանի. դպրոցի մուտքի մոտ գտնվող դիտահորերը լցված էին՝ շրջակայքում տարածելով գարշահոտություն և խայտառակ տեսարան:

Փաստեմ, որ նմանօրինակ տեսարանները նորություն չեն ծնողներիս համար, որի հետ կապված ամեն անգամ ահազանգել եմ դպրոցի տնօրենությանը, որոնք անում են առավելագույնը իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
Տեղեկացված եմ, որ մինչ 2018թ դպրոցը մտել է հիմնանորոգման ծրագրի մեջ, սակայն անհասկանալի պատճառներով գործընթացը կասեցվել է:

Խնդրում եմ Ձեր բոլորիդ միջնորդությունը՝ վերոնշյալ իրավիճակի հետ կապված՝ սովորողների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար. հնարավորինս կարճ ժամանակահատվածում խնդրին տալ լուծում և իրագործել դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»։

Ի դեպ նշենք, որ հոկտեմբերի 17–ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են դասասենյակներ, վնասել հոսանքալարերը, ինչի պատճառով երեխաները անցել են հեռավար ուսուցման։


