Հայաստանում ավելի քան 350 հազար թոշակառու օգտվել է առողջության ապահովագրությունից. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 2027 թվականին 2017 թվականի համեմատ նախատեսվում է ավելացնել 319%-ով կամ շուրջ 4,2 անգամ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ 2021 թվականի համեմատ աճը կկազմի 117% կամ 2.2 անգամ։
«65+ տարիքի կենսաթոշակառուների համար այս տարվա 10 ամիսների արդյունքով, ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 320 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, 500 հազ դրամ և ավելի արժեք ունեցող ծառայություն է ստացել 63 հազ 65+ տարիքի թոշակառու», - նշել է Փաշինյանը ԱԺ-ում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ խոսքը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին է։ Նույն արժողությամբ առողջապահական ծառայություններ է ստացել նաև մինչև 18 տարեկան 11 570 երեխա։
Վարչապետը հայտնել է նաև, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 2051 բուժառու ստացել է 4 մլն դրամ և ավելի արժողությամբ առողջապահական ծառայություններ։
«6857 բուժառու ստացել է 2-4 մլն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություն։ 18 հազար մարդ ստացել է 1-2 մլն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ, եթե 65+ տարիքի թոշակառուների մասին խոսենք, այս տարվա ընթացքում 350 143 մարդ ստացել է առողջապահական ծառայություն՝ առողջության ապահովագրության համակարգով։ Դրանց մի մասը դեղ է ստացել, մյուս մասը պարզապես հետազոտվել է, մյուս մասը վիրահատվել է, մյուս մասը թերապևտիկ բուժում է ստացել և այլն», - ասել է Փաշինյանը։
ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ ընդհանուր եկամուտները նախատեսված են 3.8 տրիլիոն դրամի չափով (առանց միջբյուջետային փոխանցումների շրջանակում ստացվող մուտքերի), ծախսերը՝ 4.2 տրիլիոն դրամի (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը՝ 468.2 միլիարդ դրամի չափով։
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից՝ 2026–2028 թթ. եռամյա կտրվածքով։
2026 թվականից համակարգում ընդգրկվել են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը ծախսերի 100%-ն իր վրա է վերցնում պետությունը։ Բացի այս, համակարգը ներառում է նաև 200 հազար դրամից աելի աշխատավարձ ստացող քաղաքացիներին։
Երկրորդ փուլում՝ 2027 թվականից սկսած, համակարգի մեջ կմտնեն նար մինչև 200 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը։
Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կազմում է տարեկան 129,600 դրամ, որը վճարվում է ամսական։ Այն ծածկում է ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։

