Փաշինյանը չի բացառել ընդդիմության նկատմամբ հանրային ճնշումը, ընդդիմադիրներն արձագանքել են

02.11.2026, 15:47
Փաշինյանը խոսել է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մասին, ընդդիմադիրներն արձագանքել են
Փաշինյանը չի բացառել ընդդիմության նկատմամբ հանրային ճնշումը, ընդդիմադիրներն արձագանքել են

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ նոր Սահմանադրությանը չաջակցելու դեպքում ընդդիմադիր պատգամավորները կարող են ենթարկվել հանրային ճնշման։

Վարչապետի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում 2027թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ կառավարող մեծամասնությունը նոր Սահմանադրության շուրջ բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և համոզիչ պատասխաններ տա նաև դրանից հետևող հարցերին, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեով կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: 

Նրա խոսքով՝ եթե բոլոր հարցերին տրվեն հստակ դրական պատասխաններ, իսկ ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր Սահմանադրության ընդունումը, դա կնշանակի, որ նա դեմ է Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղությանը։

«Իմ պատկերացումը հետևյալն է, որ այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի», - հայտարարել է վաչապետը։

Հանրային տրամադրությունը, ըստ նրա, կախված է այն պատասխաններից, որոնք իշխանությունը կբերի արդեն իսկ նշված և հիշատակված հարցերին

«Ուժեղ Հայաստան»-ի արձագանքը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանություններին ճնշումների միջոցով արդյունքի հասնել չի հաջողվի։

«Մեր անցած ճանապարհը խոսում է նրա մասին, որ մեզ հետ ընդհանուր առմամբ նման լեզվով խոսել չի կարելի, և խոսելով արդյունքի չեն հասնի», - ասել է պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ 

Աբրահամյանը վստահեցրել է, որ այդ դիրքորոշումն ունեն խմբակցության բոլոր 29 պատգամավորները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկի «ալիևյան Սահմանադրությանը»։

«Հայաստան» խմբակցության արձագանքը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հայտարարությունը որակել է «պետական հեղաշրջման մասին հայտարարություն»։

Նրա խոսքով` Փաշինյանը խոսում է ՀՀ օրենքի դեմ։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել», - նշել է Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։