Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն աճել են․ քաղաքապետարանը զգուշացնում է տերևների այրման համար պատասխանատվության մասին

02.11.2026, 16:16
Հոկտեմբերին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն աճել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն աճել են․ քաղաքապետարանը զգուշացնում է տերևների այրման համար պատասխանատվության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն աճել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ֆոնին Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հիշեցնում է, որ տերևների և արտադրական այլ թափոնների այրումը վարչական պատասխանատվություն ենթադրող գործողություն է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի ներկայացմամբ՝ շինհրապարակներում տեղադրված 244 սարքերի տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 78՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի համեմատ, իսկ PM10-ի համար՝ 27՝ 20-ի համեմատ։

«Սա գտնվում է լավ կամ չափավոր միջակայքերում», - ասել է Հայկազյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նա հայտնել է, որ 2025 թվականի հոկտեմբերին քաղաքում տեղադրված է եղել շուրջ 169 սարք։

Միևնույն ժամանակ, Հայկազյանը հիշեցրել է տերևների այրման համար պատասխանատվության մասին։

«Քանի որ այս ժամանակաշրջանում նաև մեկնարկում է մեր քաղաքացիների կողմից տերևների և արտադրական այլ թափոնների այրման գործընթացը, ուզում եմ հիշեցնել, որ վարչական իրավախախտումների մասին օրենքով սա պատասխանատվության ենթակա գործունեություն է», - նշել է նա։