Երևանում ապօրինի կայանված մեքենաները կհեռացնեն քարշակներով․ Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ավելացնել դրանց թիվը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում խաչմերուկների մոտ ապօրինի կայանված մեքենաների դեմ պայքարը խստացնելու համար անհրաժեշտ է առնվազն 30-40 քարշակ։
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ ներկայիս հնարավորությունները բավարար չեն երթևեկության արդյունավետ կառավարման համար։
«Քաղաքում 1-2 քարշակով երթևեկությունը կառավարելն ուղղակի հնարավոր չէ։ Մեր ավտոմեքենաների քանակը և փաստացի խախտողների քանակն այնքան շատ է, որ սկզբում 30-40 քարշակ է պետք լինելու, որպեսզի էֆեկտիվ կարողանանք նվազագույն ստանդարտի բերել»,– ասել է Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ խաչմերուկներում կայանումն արգելող հատվածների ընդլայնումն ու տուգանքների կիրառումը բավարար չեն, եթե հնարավոր չլինի արագ հեռացնել երթևեկությանը խոչընդոտող մեքենաները։
Քաղաքապետը հայտնել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է քարշակներով մեքենաների տեղափոխման գործընթացը կազմակերպել ՆԳՆ-ի միջոցով։ Ընդ որում, անհրաժեշտ քանակի քարշակները կարող են լինել ինչպես նախարարության տրամադրության տակ, այնպես էլ ներգրավվել պատվիրակված եղանակով։
Խախտումների համար նախատեսվում է ոչ միայն տուգանք, այլև բալերի նվազեցում
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ երթևեկության կառավարման կենտրոնի նախնական վերլուծության հիման վրա արդեն վերանայվել է վճարովի կայանատեղերի՝ «կարմիր գծերի» տեղակայումը։ Որոշ հատվածներում դրանք հեռացվել են խաչմերուկներից։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ՆԳՆ-ի հետ աշխատում է երկու ուղղությամբ՝ ապահովել արգելված վայրերում կայանած մեքենաների տուգանումը և կազմակերպել դրանց տեղափոխումը քարշակներով։
Գրիգորյանը նշել է, որ տեսախցիկների արձանագրությունների հիման վրա տուգանման մեխանիզմի վերաբերյալ վերջնական քննարկումը ՆԳՆ-ի հետ նախատեսված է չորեքշաբթի։
Բացի այդ, ըստ փոխքաղաքապետի, ՆԳՆ-ն արդեն մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով նման խախտումների համար նախատեսվում է ոչ միայն տուգանք, այլև վարորդի բալերի նվազեցում։

