Axiom Space-ի համահիմնադիրը մտադիր է Հայաստանին առաջարկել հայ տիեզերագնաց տիեզերք ուղարկելու ծրագիր

02.11.2026, 11:24
Գործարարը հույս ունի ՀՀ կառավարությանը համոզել պետական ֆինանսավորմամբ հայ տիեզերագնաց ուղարկելու որոշում կայացնել
Axiom Space-ի համահիմնադիրը մտադիր է Հայաստանին առաջարկել հայ տիեզերագնաց տիեզերք ուղարկելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Axiom Space ընկերության համահիմնադիր, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր, ամերիկացի ինժեներ և գործարար Քեմ Ղաֆարիանը (Kam Ghaffarian) հույս ունի Հայաստանի կառավարությանն առաջարկել հայ տիեզերագնաց տիեզերք ուղարկելու նախաձեռնություն։

Այս մասին նա հայտարարել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում, որն անցկացվել է Իսպանիայի Տեներիֆե կղզում կայացած STARMUS VIII փառատոնի շրջանակում։

«Հուսով եմ՝ մի օր հայ տիեզերագնաց կուղարկեմ տիեզերք։ Ես արդեն թուրք տիեզերագնաց եմ ուղարկել տիեզերք։ Գիտեք, տիեզերագնաց տիեզերք ուղարկելը ոգեշնչում է մի ամբողջ ժողովրդի»,– ասել է Ղաֆարիանը։

Նրա խոսքով՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է փորձել համոզել կառավարությանը հայտարարել հայ տիեզերագնաց տիեզերք ուղարկելու մտադրության մասին։

«Ծրագիրը կֆինանսավորվի կառավարության կողմից, և ես կարող եմ աջակցել դրան»,– նշել է գործարարը՝ ներկայացնելով իր պատկերացրած նախաձեռնությունը։

Ղաֆարիանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Երևան՝ ստանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ 2026 թվականի պետական մրցանակը։

Axiom Space-ը նախատեսում է սեփական տիեզերակայանը գործարկել 2028–2029 թվականներին

Ղաֆարիանը հայտնել է, որ Axiom Space-ն արդեն աշխատում է նոր կոմերցիոն տիեզերակայանի կառուցման ուղղությամբ։ Ընկերությունը նախատեսում է այն գործարկել 2028–2029 թվականներին։

Նրա խոսքով՝ ապագայում տիեզերակայանի ծառայություններից կարող են օգտվել ինչպես պետությունները, այնպես էլ մասնավոր ընկերություններն ու անհատները։ ԱՄՆ-ը նախատեսվում է դարձնել հիմնական պատվիրատուներից մեկը։ Ղաֆարիանը հույս ունի, որ պատվիրատուների թվում կլինեն նաև եվրոպական երկրներն ու Հայաստանը։

Տիեզերակայանը նախատեսված է լինելու նաև ուղեծրում արտադրական գործունեության համար։ Բացի այդ, այն կարող է ծառայել որպես հարթակ Արեգակնային համակարգի այլ հատվածներ իրականացվող առաքելությունների համար։

Ղաֆարիանի խոսքով՝ նոր կայանը կունենա մոդուլային կառուցվածք։ Նրա պատկերացմամբ՝ հնարավոր կլինի միմյանց միացնել 50, 60 կամ նույնիսկ 100 մոդուլ։ Անսարքության դեպքում առանձին մոդուլը հնարավոր կլինի դուրս բերել ուղեծրից և փոխարինել նորով։

Նա նշել է, որ Axiom Space-ն արդեն օգտվում է SpaceX-ի ծառայություններից և նախատեսում է համագործակցել նաև այլ ընկերությունների հետ։

Լուսնային առաքելություններ և միջուկային տեխնոլոգիաներ

Ղաֆարիանի գործունեությունը չի սահմանափակվում Axiom Space-ով։ Նա նաև Intuitive Machines և X-energy ընկերությունների համահիմնադիրներից է։

2024 թվականի փետրվարին Intuitive Machines-ի «Odysseus» լուսնային սարքը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթին՝ դառնալով նման վայրէջք իրականացրած առաջին մասնավոր տիեզերական սարքը։ Այն նաև առաջին ամերիկյան սարքն էր, որը Լուսնի մակերևույթ հասավ 1972 թվականի «Apollo 17» առաքելությունից հետո։

X-energy-ն զբաղվում է միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների մշակմամբ։ Ղաֆարիանի խոսքով՝ նման լուծումները կարող են կիրառվել ինչպես Երկրի վրա, այդ թվում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնների էներգամատակարարման համար, այնպես էլ տիեզերական հետազոտություններում։

Գործարարի երկարաժամկետ տեսլականը մարդկության՝ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս ճանապարհորդությունն է։

Նա նույնիսկ խոսել է Արեգակնային համակարգին ամենամոտ աստղային համակարգ՝ Կենտավրոսի Պրոքսիմա, վեց ամսում հասնելու հեռանկարային նպատակի մասին։ Սակայն ներկայում նման ճանապարհորդությունը տեխնոլոգիապես իրագործելի չէ, և այդ հնարավորությունը գիտականորեն հաստատված չէ։

Քեմ Ղաֆարիանի մասին

Քեմ Ղաֆարիանն իրանական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ է։ Նա չի բացառում, որ հայկական արմատներ ունի՝ նշելով, որ իր ընտանիքի որոշ անդամներ, հավանաբար, հայկական ծագում ունեն։

Ղաֆարիանը Axiom Space, Intuitive Machines և X-energy ընկերությունների հիմնադիրներից է, որոնց գործունեությունն ընդգրկում է կոմերցիոն ուղեծրային կայանների ստեղծումը, լուսնային առաքելությունները և միջուկային էներգետիկ տեխնոլոգիաները։