Երևանում կխստացվի շինաղբն աղբամաններում լցնելու համար սահմանված տուգանքը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում նախատեսվում է խստացնել շինաղբը աղբամաններում լցնելու համար սահմանված պատասխանատվությունը, այդ թվում՝ բարձրացնել տուգանքների չափը, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«30 հազար դրամ տուգանք էր, բայց կարծում եմ՝ կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում շատ համատարած երևույթ է, և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,- ասել է Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանի նախորդ շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ աղբամաններում մեծ քանակությամբ շինաղբ է լցվում։
Ավինյանը նշել է, որ Բաղրամյան պողոտայում աղբամանից շինաղբը հեռացնելուց հետո տեսախցիկների միջոցով պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնք այն լցրել էին, նրանք տուգանվել են։
«Սա նշանակում է՝ այս հնարավորությունը մենք ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում, աղբամաններում լցնում իրենց շինաղբը, որն արգելված է և անթույլատրելի», - նշել է քաղաքապետը` հավելելով, որ հետագայում դրանց արձանագրումը հնարավոր կլինի որոշակի չափով ավտոմատացնել։
Նա նաև նշել է, որ հաջորդ տարի Երևանում նախատեսվում է տեղադրել շինաղբի հավաքման համար հատուկ տարրաներ։
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանն էլ հայտնել է, որ արդեն գնվել է 50 տարրա, ևս 50-ը նախատեսվում է ձեռք բերել։

