Սերը՝ մարզական գորգից դուրս․ հայ ըմբիշը՝ «Սպիտակ արջը», պատրաստվում է հարսանիքի

02.11.2026, 22:28
Հայկական սպորտի ամենացանկալի փեսացուներից մեկն ամուսնանում է. ի՞նչ է հայտնի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանիքի մասին
Սերը՝ մարզական գորգից դուրս․ հայ ըմբիշը՝  «Սպիտակ արջը»,  պատրաստվում է հարսանիքի

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, հայտնի մարզիկ Արթուր Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մարզական գորգից դուրս կարևոր իրադարձության՝ հարսանիքի։

Ինչպես հայտնում է BRAVO.am-ը, 35-ամյա ըմբիշը պատրաստվում է ամուսնանալ։ Ընդ որում, պարբերականի տեղեկություններով, տոնակատարության համար ընտրվել է ոչ թե Հայաստանը, այլ արևոտ Կիպրոսը։

Հարսանիք՝ կղզում

Հրապարակման համաձայն՝ հարսանեկան արարողությունը նախատեսված է նոյեմբերի 8-ին։ Տոնակատարությունը ծրագրվում է անցկացնել հարազատների և մտերիմների շրջանակում։

Օլիմպիական չեմպիոնի ապագա կնոջ մասին քիչ բան է հայտնի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Ալեքսանյանի ընտրյալը, ինչպես և ինքը, ծունդով Գյումրիից է՝ քաղաք, որի հետ սերտորեն կապված է ըմբիշի կյանքն ու մարզական կարիերան։

Հարսնացուի անունը և առաջիկա հանդիսության այլ մանրամասնություններ դեռևս չեն հաղորդվում։ Ինքը՝ մարզիկը, հարսանիքի մասին տեղեկությունը հրապարակայնորեն չի հաստատել։

Օլիմպիական ոսկուց մինչև կյանքի նոր փուլ

Արթուր Ալեքսանյանը վաղուց դարձել է հայկական սպորտի ամենաճանաչված մարզիներից մեկը։ Գյումրեցի մարզիկը, ում երկրպագուները ճանաչում են «Սպիտակ արջ» անունով, կարիերայի ընթացքում նվաճել է միջազգային պարգևների ամբողջական հավաքածու։

Ըմբիշի գլխավոր հաղթանակը դարձավ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թ.-ի Օլիմպիական ոսկին։ Նա նվաճել է նաև Տոկիոյի և Փարիզի Օլիմպիադաների արծաթե մեդալները և Լոնդոնի Խաղերի բրոնզը։

Աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոնը սովոր է լինել ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ մարզագորգի վրա իր ելույթների։ Այժմ նորությունների առիթ է դարձել նրա անձնական կյանքը։

Հատկանշական է, որ առաջիկա հարսանիքի մասին լուրը հայտնվել է մարզիկի ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց․ հոկտեմբերի 21-ին Ալեքսանյանը նշել է իր 35-ամյակը։

Եթե տեղեկությունը հաստատվի, արդեն առաջիկա կիրակի Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկի կյանքում տեղի կունենա կարևոր իրադարձություն՝ այս անգամ կապ չունեցող ըմբշամարտի և մեդալների հետ։