Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի Bulgari-ի լեգենդար վզնոցը․ զարդը հատուկ հանվել է արխիվից (ՎԻԴԵՈ)

30.10.2026, 11:04
Քիմ Քարդաշյանը կրել է իտալական Bulgari ոսկերչական տան հայտնի զմրուխտե և ադամանդե վզնոցը, որը պատկանել է հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին. ՎԻԴԵՈ
Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի Bulgari-ի լեգենդար վզնոցը․ զարդը հատուկ հանվել է արխիվից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի հեռուստաաստղ և հայազգի գործարար կին Քիմ Քարդաշյանը կրել է իտալական Bulgari ոսկերչական տան հայտնի զմրուխտե և ադամանդե վզնոցը, որը պատկանել է հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:

Բացառիկ զարդը հատուկ հանվել է ապրանքանիշի արխիվից Հռոմում Քարդաշյանի լուսանկարահանման համար: Փորձին ներկա է եղել նաև նրա մայրը՝ Քրիս Ջենները, գրում է People-ը:

Քարդաշյանի խոսքով՝ այս վզնոցն ինքն արդեն տեսել էր նախկինում: 2011 թվականի մարտին Էլիզաբեթ Թեյլորի մահից հետո Քիմին հրավիրել էին դերասանուհու տուն, որտեղ նրան ցույց էին տվել աստղի թանկարժեք իրերի չհրկիզվող պահարանը, անձնական իրերն ու կահույքը: Նա նաև պատմել է, որ դեռևս Թեյլորի կենդանության օրոք հնարավորություն է ունեցել հեռախոսով խոսել նրա հետ հենց այս զարդի մասին:

Bulgari-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը կազմակերպելուն և պատմական վզնոցը փորձելու հնարավորություն ընձեռելուն օգնել է հայտնի ոճաբան Լոու Ռոչը: Քարդաշյանը հենց փորձի ընթացքում տեսակապով կապվել է նրա հետ և զարդն անվանել ծննդյան լավագույն նվեր:

«Այժմ ես կարող եմ սկսել իմ նոր տարին Էլիզաբեթի էներգիայով», — խոստովանել է նա:

Փորձը դարձել է «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի գովազդային արշավի մաս, որտեղ Քարդաշյանը մարմնավորում է ամուսնալուծությունների գծով փաստաբան Ալլուրա Գրանտին:

Վերջին շաբաթներին ձեռնարկատերը բազմիցս հարգանքի տուրք է մատուցել Էլիզաբեթ Թեյլորին՝ վերաստեղծելով նրա հայտնի կերպարները: Մասնավորապես, սերիալի նկարահանումների համար նա կրկնել է դերասանուհու 1969 թվականի կերպարը՝ սև թավշյա գլխարկ՝ մետաքսե աստառով, որը Թեյլորը կրել էր Մոնակոյի արքայադուստր Գրեյսի 40-ամյակի տոնակատարությանը:

Հին Հոլիվուդի գեղագիտությանն անդրադարձող ևս մեկ քայլ էր Քարդաշյանի հայտնվելը Կինոակադեմիայի թանգարանի գալա-սրահում 2026 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Balenciaga-ի 1951 թվականի արխիվային զգեստով: