ՀՀ–ում՝ գիշերը բարձրաձայն չերգել, Շվեյցարիայում՝ միայնակ ծովախոզուկ չպահել․ 7 անսովոր կանոն (ՖՈՏՈ)

27.10.2026, 17:05
Հայաստանում՝ տուգանք գիշերը բարձրաձայն երգելու համար, Շվեյցարիայում՝ արգելք միայնակ ծովախոզուկ պահելու վրա․ ներկայացնում ենք աշխարհի 7 տարօրինակ կանոն, որոնք ձեզ կզարմացնեն․ ՖՈՏՈ
ՀՀ–ում՝ գիշերը բարձրաձայն չերգել, Շվեյցարիայում՝ միայնակ ծովախոզուկ չպահել․ 7 անսովոր կանոն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Կարելի՞ է տուգանվել աղավնիներին կերակրելու համար, բարձրակրունկներով փողոց դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ կամ ծովախոզուկ պահել առանց նրա համար ընկեր գտնելու, իսկ Հայաստանում գիշերային ժամերին բարձրաձայն երգել կամ երաժշտական գործիքներ նվագել և մնալ անպատիժ։

Աշխարհում կան օրենքներ, որոնք առաջին հայացքից կատակ են թվում, բայց իրականում բավական լուրջ են։ «Նովոստի–Արմենիան» հավաքել է 7 անսովոր սահմանափակում, որոնք կզարմացնեն և գուցե կստիպեն երկու անգամ մտածել՝ նախքան որևէ կանոն խախտելը։

1. Հայաստանում երեկոյան տանը բարձրաձայն երգելու համար՝ մինչև 40 000 դրամ տուգանք

Հայաստանում, եթե երեկոյան տանը որոշել եք բարձրաձայն երգել՝ առանց հարևանների անդորրը հաշվի առնելու, դա կարող է ոչ միայն դժգոհության, այլև վարչական պատասխանատվության պատճառ դառնալ։

Հայաստանում ժամը 23:00-ից մինչև 07:00- ը բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը կամ այլ գործողություններով գիշերային լռությունը խախտելն առաջին անգամ առաջացնում է նախազգուշացում։ Իսկ վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում նախատեսվում է 40 000 դրամ տուգանք՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180–րդ հոդվածի առաջին մասի։

Կանոնը վերաբերում է ոչ միայն բնակարաններին, այլև բնակելի շենքերի մուտքերին, բակերին, փողոցներին և այլ հասարակական վայրերին։

2. Բարձրակրունկներով փողոց դուրս գալու համար թույլտվություն է անհրաժեշտ

странные запреты

ԱՄՆ Կարմել-բայ-դը-Սի քաղաքում բարձրակրունկների մասին իսկապես հատուկ կանոն կա։

Եթե կոշիկի կրունկը 5,08 սմ-ից բարձր է, իսկ գետնին հպվող հատվածը՝ 6,45 քառ. սմ-ից փոքր, այն հանրային փողոցներում և մայթերին կրելու համար անհրաժեշտ է նախապես թույլտվություն ստանալ։

Այս անսովոր կանոնը գործում է քաղաքում դեռևս 1963 թվականից։ Այն ընդունվել է անհարթ մայթերին բարձրակրունկներով քայլելու հետևանքով հնարավոր վնասվածքների և քաղաքի պատասխանատվության հետ կապված խնդիրները նվազեցնելու նպատակով։

3. Ծովախոզուկին միայնակ պահել չի կարելի

странные запреты

Շվեյցարիայում ծովախոզուկին միայնակ պահելն արգելվում է։

Պատճառն այն է, որ ծովախոզուկները սոցիալական կենդանիներ են և պետք է ապրեն առնվազն երկուսով։ Մարդու կամ նույնիսկ մեկ այլ տեսակի կենդանու ընկերակցությունը չի համարվում իրենց տեսակի կենդանու փոխարինում։

Այսինքն՝ եթե որոշել եք Շվեյցարիայում տանը ծովախոզուկ պահել, պետք է մտածել նաև նրա ընկերոջ մասին։

4. Սովորական մաստակ վաճառելն արգելված է

Սինգապուրում սովորական մաստակի վաճառքն ու վաճառքի համար գովազդը օրենքով արգելված են։ Բացառություն են առողջապահական արտադրանք համարվող մաստակները։

Վաճառքի արգելքը խախտելու համար նախատեսված է մինչև 2,000 սինգապուրյան դոլարի տուգանք։

Սովորական մաստակի ներմուծումը նույնպես արգելված է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5. Աղավնիներին և ճայերին կերակրելու համար՝ մինչև 500 եվրո տուգանք

странные запреты

Վենետիկում արգելվում է հանրային վայրերում աղավնիներին և ճայերին կերակրել։

Քաղաքային իշխանությունների սահմանած այս կանոնը քաղաքի հանրային տարածքներում մաքրության և հիգիենայի պահպանմանն ուղղված սահմանափակումներից մեկն է։

Խախտման համար նախատեսված է 25-500 եվրոյի վարչական տուգանք։

6. Նորածնին «King» անունով կարող են չգրանցել

Նոր Զելանդիայում ծնողները երեխայի համար կարող են ընտրել բավական անսովոր անուն, սակայն կան սահմանափակումներ։

Գործող օրենքի համաձայն՝ գրանցողը կարող է հրաժարվել այն անվան գրանցումից, որը պաշտոնական տիտղոս կամ կոչում է կամ նմանվում է դրանց, եթե դրա համար բավարար հիմնավորում չկա։

Նոր Զելանդիայի պետական ծառայության պաշտոնական էջում նման օրինակների թվում նշվում են Justice, King, Prince, Princess և Royal անունները։

Սակայն սա պարզապես «արգելված անունների» փակ ցուցակ չէ․ յուրաքանչյուր անուն գնահատվում է օրենքով սահմանված չափանիշներով, իսկ գրանցման մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել։

7. Փողոցում գորգ թափ տալը սահմանափակված է

странные запреты

Անգլիայում մինչ օրս գործում է փողոցում գորգ, ուղեգորգ կամ գորգիկ թափ տալու կամ ծեծելու վերաբերյալ անսովոր իրավական սահմանափակում։
Բացառություն է նախատեսված դռան փոքր գորգիկների համար․ դրանք թույլատրվում է փողոցում թափ տալ մինչև առավոտյան ժամը 8-ը։

Այս դրույթն ամրագրված է դեռևս 1847 թվականին ընդունված Town Police Clauses Act-ում և մինչ օրս չի վերացվել։