Դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է Canada Goose-ի նոր գովազդային արշավում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է կանադական Canada Goose-ի Snow Goose 2026 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում, հայտնում է ապրանքանիշի պաշտոնական կայքը։
Արշավի լուսանկարիչը Ջուլի Ժուբերն է։ Հավաքածուն կրում է «Axis of Endurance» անվանումը և ներկայացվել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Հայդեր Աքերմանի կողմից։
Հավաքածուի հայեցակարգում Հայդեր Աքերմանը դիմացկունությունը դիտարկում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ ներքին ուժի տեսանկյունից։ Ըստ ապրանքանիշի՝ այն արտահայտվում է հարմարավետության սահմաններից դուրս շարունակելու ընթացքում առաջացող լուռ լարվածությամբ, մինչև մարդուն սկսում է առաջնորդել բնազդը։
2026 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն առանձնանում է նաև նրանով, որ Snow Goose by Canada Goose գծում առաջին անգամ ներկայացվել են կաշվե իրեր և կոշիկներ։ Դրանց թվում են Chilliwack Bomber բաճկոնի կաշվե տարբերակը և անձրևային կոշիկները։
Canada Goose-ը կանադական ապրանքանիշ է, որը ստեղծում է վերնահագուստ, հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։
Ավելի վաղ Սամվել Թադևոսյանը նկարահանվել է ֆրանսիական Dior նորաձևության տան նոր գովազդային արշավում։
Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր դերակատարումից հետո: Այդ աշխատանքի համար նա ճանաչվել է լավագույն դերասան «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխությունում:
Դերասանը նաև կարժանանա ամերիկյան Golden Globes-ի Beacon Award մրցանակին։ Նա ընդգրկվել է հոկտեմբերի 23–24-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի առաջին մրցանակակիրների վեցյակում։

