Գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ՆԳՆ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։

