Երևանի ավտոբուսի աղմկահարույց միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալված է

20.10.2026, 15:15
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով
Երևանի ավտոբուսի աղմկահարույց միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ կոպիտ վերաբերմունքի տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել է», – գրել է նա Facebook–յան իր էջում։  

Նշենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է տարածվում, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում է կնոջը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը կոպիտ ձևով դիմում հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։

Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև բանավեճ է սկսվում։