Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին», – նշել է Սարգսյանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է տարածվում, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում է կնոջը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը կոպիտ ձևով դիմում հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։
Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև բանավեճ է սկսվում։

