Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքներն ավարտված են

20.10.2026, 10:32
Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի հստակ ճանապարհային քարտեզով
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքներն ավարտված են

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։

Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են:

ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ավելի վաղ Անդրեասյանը հայտնել էր, որ Ակադեմիական քաղաքը կսկսի գործել 2030թ․–ից։

Ակադեմիական քաղաքի ստեղծման համար նախատեսված է երկու տարածք՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասին հարող տարածքը և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան: Այնտեղ նախատեսվում է տեղակայել 16 բուհ՝ 8 պետական և 8 մասնավոր կամ միջազգային: Այնտեղ գործելու է 4 կլաստեր՝ արվեստների, կրթական, տեխնոլոգիական և ռազմական: