Դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award մրցանակին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա ամերիկյան Golden Globes-ի Beacon Award մրցանակին։
Նա ընդգրկվել է հոկտեմբերի 23–24-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի առաջին մրցանակակիրների վեցյակում, հայտնում է Golden Globes-ի պաշտոնական կայքը։
Երկօրյա միջոցառումը կնշանավորի Մետաքսի ճանապարհի պատմական տարածաշրջանի կինոյի և հեռուստատեսության գործիչների արտասովոր ձեռքբերումները՝ հարգանքի տուրք մատուցելով հարուստ մշակութային ժառանգությանն ու ստեղծագործական փոխանակմանը, որոնք դարեր շարունակ կապել են Կենտրոնական Ասիան և Կովկասը։
Մրցանակներ կշնորհվեն երեք անվանակարգերում՝ Golden Globes Meridian Award, Golden Globes Trailblazer Award և Golden Globes Beacon Award. Ընտրված վեց գործիչները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Ըստ Golden Globes-ի՝ Սամվել Թադևոսյանը հայկական կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան է, որը հայտնի է ինչպես էկրանին, այնպես էլ թատրոնում կատարած իր աշխատանքով։
Նշվում է, որ «Կյանք ու կռիվ» պատերազմական դրամայում նրա գլխավոր դերակատարումն արժանացել է համազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին։ Նա ճանաչում է ձեռք բերել նաև թատերական աշխատանքի, այդ թվում՝ «Էգոիստը» մոնոներկայացման մեջ իր դերակատարման համար։

