Լեգենդար «Մեր բակը» վերադառնում է 30 տարի անց․ Shant Holding-ը հայտարարել է «Նոր Մեր բակը» նախագծի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայկական հայտնի «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը 30 տարի անց նոր շարունակություն կունենա։
Այս մասին հայտնել է Shant Holding-ը՝ ազդարարելով «Նոր Մեր բակը» նախագծի մասին։
«Առաջին «Մեր բակ»-ից անցել է 30 տարի։ 30 տարի անց․․․ «Նոր Մեր բակը»։ Շուտով․․․», – նշվում է հրապարակման մեջ։
Դեռ մանրամասներ չեն հրապարակվել նոր նախագծի դերասանական կազմի, սյուժեի, ձևաչափի և պրեմիերայի հստակ ժամկետի վերաբերյալ։
«Մեր բակը» հայկական երաժշտական կատակերգությունը ստեղծվել է «Շարմ» ընկերության կողմից՝ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի ղեկավարությամբ։ Նախագիծը սկզբում նախատեսված էր որպես ամանորյա հեռուստածրագրի մաս, սակայն մեծ հաջողությունից հետո ներկայացվել է որպես առանձին ֆիլմ։ Առաջին «Մեր բակը» հեռուստադիտողին ներկայացվել է 1997 թվականի Ամանորի գիշերը։ Ֆիլմը պատմում է երևանյան բակի բնակիչների առօրյայի, հարևանական հարաբերությունների, սիրային պատմությունների և զավեշտալի իրավիճակների մասին։ Դերասանական կազմում էին Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Քոթանջյանը և այլք։
Հետագայում նկարահանվել են «Մեր բակը» ֆիլմաշարի երկրորդ (1998 թ.) և երրորդ (2006 թ.) մասերը։ 2021 թվականին էկրան է բարձրացել նաև «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմը։

