Մաշտոց, Թումանյան և ChatGPT. ինչպես է փոխվել թարգմանչական արվեստը ՀՀ-ում 16 դարերի ընթացքում (ՖՈՏՈ)

10.10.2026, 12:13
Մեսրոպ Մաշտոցից մինչև ChatGPT՝ ինչպես է 16 դարերի ընթացքում զարգացել թարգմանչական արվեստը Հայաստանում, և ինչու է բնագրի իմաստն ու հմայքը պահպանելու հարցն արդիական նաև արհեստական բանականության դարաշրջանում. ՖՈՏՈ
Մաշտոց, Թումանյան և ChatGPT. ինչպես է փոխվել թարգմանչական արվեստը ՀՀ-ում 16 դարերի ընթացքում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Մի լեզվից մյուսը բառեր տեղափոխե՞լ, թե՞ կարողանալ պահպանել ստեղծագործության հմայքը։ Հովհաննես Թումանյանը թարգմանությունը համեմատում էր «ապակու տակ դրած մի վարդի» հետ, Պարույր Սևակը կարող էր ժամերով բառարան կարդալ և այն «ամեն մի վեպից հրապուրիչ» համարել, իսկ Վահան Տերյանը գրում էր՝ «Լեզուն ազգի հոգին է»։

Այս մտքերը հնչել են տասնամյակներ առաջ, սակայն այսօր, երբ օտար լեզվով գրված տեքստը կարելի է հաշված վայրկյանների ընթացքում մեքենայաբար թարգմանել, դրանց հիմքում ընկած հարցը չի անհետացել․ ինչպե՞ս մեկ այլ լեզվով փոխանցել ոչ միայն բառերը, այլև իմաստը, ոճն ու բնագրի հմայքը։

Հայ մշակույթում այս հարցը ավելի քան 16 դարի պատմություն ունի։ Մեսրոպ Մաշտոցից և Սահակ Պարթևից սկսված թարգմանչական շարժումը ոչ միայն հայերեն դարձրեց քրիստոնեական ու համաշխարհային մտքի կարևորագույն երկերը, այլև նպաստեց հայ գրական լեզվի զարգացմանը և ազգային մշակույթի պահպանմանը։

Սուրբ Թարգմանչաց տոնի առիթով «Նովոստի–Արմենիան» ներկայացնում է, թե ինչպես է թարգմանությունը դարեր շարունակ կապել հայերենը համաշխարհային գրականության ու մտքի հետ և ինչ էին բառի ու լեզվի մեջ փնտրում հայ գրականության մեծերը։

«Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է»․ Հովհաննես Թումանյան

Ованес Туманян

Թարգմանական արվեստի մասին ուշագրավ ձևակերպումներ է թողել նաև Հովհաննես Թումանյանը։ Նա թարգմանչի աշխատանքը կապում էր մեծ պատասխանատվության հետ և խիստ պահանջկոտ էր նաև սեփական թարգմանությունների նկատմամբ։

Թումանյանը թարգմանել է Պուշկինի «Ջրահեղձն» ու «Ձմեռվա իրիկունը», Լերմոնտովի «Մծիրին», Բայրոնի «Չայլդ Հարոլդի երգը», Գյոթեի «Վարդը», Գրիմ եղբայրների հեքիաթները և այլ ստեղծագործություններ։

Թարգմանական արվեստի մասին խոսելիս Թումանյանը միաժամանակ ընդգծում էր բնագրի ամբողջ հմայքը մեկ այլ լեզվով փոխանցելու դժվարությունը։ Նրա հայտնի ձևակերպմամբ՝

Վահան Տերյան․ թարգմանությունը՝ նաև լեզուն զարգացնելու ճանապարհ

Ваан Терян

Թարգմանությունը հայ գրողների համար միայն օտար ստեղծագործությունը հայերեն դարձնելու միջոց չէր։ Այն նաև լեզուն հարստացնելու ճանապարհ էր։

Այդ գաղափարը հատկապես հստակ է Վահան Տերյանի՝ լեզվի մասին հայտնի ձևակերպման մեջ.

«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը»։

Տերյանը նաև ընդգծում էր, որ զարգացած, հարուստ և ճկուն լեզուն մշակութային զարգացման կարևորագույն պայմաններից է։ Եվ նա այդ սկզբունքը կիրառում էր սեփական ստեղծագործական աշխատանքում։

Տերյանի թարգմանական ժառանգությունը ներառում է անտիկ, եվրոպական, ռուսական, հնդկական և վրացական գրականության ներկայացուցիչների գործեր։

Նրա թարգմանած հեղինակների թվում են Շառլ Բոդլերը, Պոլ Վերլենը, Էմիլ Վերհարնը, Օսկար Ուայլդը, Վալերի Բրյուսովը, Ֆեոդոր Սոլոգուբը, Ռաբինդրանաթ Թագորը և Շոթա Ռուսթավելին։ Տերյանը թարգմանական փորձեր է կատարել նաև հունարենից, լատիներենից և ֆրանսերենից։

Նրա թարգմանական հետաքրքրություններում առանձնահատուկ տեղ ունեին եվրոպական և ռուսական սիմվոլիստները։ Գրականագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մեզ հասած ավարտուն թարգմանությունների թվում են Բոդլերի արձակ պոեմներից մի շարք գործեր, Օսկար Ուայլդի «Սալոմեն», Վերհարնի և Բրյուսովի ստեղծագործությունների թարգմանություններ։ Մի շարք այլ թարգմանություններ Տերյանը չի հասցրել վերջնական տեսքի բերել։

Չարենց․ բանաստեղծից մինչև հրատարակիչ և թարգմանիչ

Егише Чаренц

Եղիշե Չարենցի համար ևս թարգմանությունը գրական գործունեության կարևոր ուղղություններից էր։

Նրա թարգմանական ժառանգության մեջ տեղ ունեն Ալեքսանդր Պուշկինի, Վլադիմիր Մայակովսկու, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Մաքսիմ Գորկու, Էմիլ Վերհարնի և այլ հեղինակների ստեղծագործությունները։

Գյոթեի «Ֆաուստից», մասնավորապես, Չարենցը թարգմանել է Մեֆիստոֆելի «Երգ լվի մասին» հատվածը, որի տարբերակները ներառված են նրա երկերի ժողովածուում։

Սակայն Չարենցի դերը միայն սեփական թարգմանություններով չէր սահմանափակվում։ Պետական հրատարակչությունում աշխատելու տարիներին նա ներգրավված էր նաև գրքերի պատրաստման և համաշխարհային ու ռուս դասականների հայերեն հրատարակության գործում։

Նրա համար կարևոր էր ոչ միայն այն, թե ինչ է թարգմանվում, այլև այն, թե ինչպիսի հայերենով է համաշխարհային գրականությունը հասնում ընթերցողին։

Պարույր Սևակ․ երբ բառարան կարդալը վեպից էլ հրապուրիչ է

Паруйр Севак

Բառի և լեզվի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ուներ Պարույր Սևակը։ Նա ոչ միայն բանաստեղծ ու գրականագետ էր, այլև զբաղվել է թարգմանությամբ։ Նրա թարգմանական ժառանգության մեջ են Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը», Միխայիլ Լերմոնտովի «Դևը» և Էդուարդաս Մեժելայտիսի «Մարդը», Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Յա. Կուպալայի և այլ բանաստեղծների գործեր։

Թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանն իր «Պարույրը» հուշագրությունում պատմում է Սևակի՝ լեզվի և բառերի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրության մասին։

Նա հիշում է, որ մի երեկո այցելել է Սևակին և նրան տեսել թախտին կիսապառկած՝ մատիտը ձեռքին, իսկ ծնկներին՝ մի մեծ գիրք։ Հարցին, թե ինչ գիրք է կարդում, Սևակը պատասխանել է՝ հայերենի բացատրական բառարան։

Հախվերդյանը զարմացել է՝ մի՞թե բառարանը կարդում են։ Սևակի պատասխանը բացահայտում է բառի նկատմամբ նրա վերաբերմունքը.

«Բայց գիտե՞ս՝ ինչ հրապուրիչ բան է բառարան կարդալը, ամեն մի վեպից հրապուրիչ. լեզվաբանությունից հետաքրքիր բան կա՞»։

Ապա Սևակը Հախվերդյանին հարցրել է.

«Գիտե՞ս, օրինակ, ինչ է նշանակում ընկեր»։

Եվ ինքն էլ բացատրել է՝ նկատի ունենալով բառի ստուգաբանությունը.

«Դա նշանակում է ընդ-կեր, այսինքն՝ միասին ուտող»։

Հախվերդյանի փոխանցմամբ՝ Սևակը շարունակում էր տարբեր լեզուների բառերի ծագման օրինակներով ցույց տալ, թե բառարան կարդալով որքան բան կարելի է բացահայտել լեզվի, ժողովուրդների շփումների և պատմության մասին։

Այս փոքրիկ դրվագը ևս ցույց է տալիս, որ հայ գրականության մեջ լեզուն հաճախ ընկալվել է ոչ միայն որպես ստեղծագործելու գործիք։ Բառի ծագումը, նրա իմաստային շերտերը և այլ լեզուների հետ կապերը գրողների համար դարձել են նաև սեփական մշակույթն ու պատմությունը ճանաչելու ճանապարհ։

Ավելի քան մեկ դար անց այս համեմատությունը նոր հնչողություն է ստանում։ Թարգմանության տեխնիկական հնարավորությունները փոխվել են, սակայն Թումանյանի բարձրացրած խնդիրը՝ ինչպես մեկ այլ լեզվով պահպանել բնագրի կենդանությունը, շարունակում է մնալ թարգմանության առանցքային հարցերից մեկը։

Իսկ որտեղի՞ց սկսվեց այս ամենը

Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների հիշատակը նշում է տարին երկու անգամ։

Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։

Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու» և տոնվում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։

Աշնանը նշվող տոնը նվիրված է Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին և նրանց աշակերտներին ու թարգմանչական ավանդույթի շարունակողներին՝ Եղիշեին, Մովսես Խորենացուն, Դավիթ Անհաղթին, Գրիգոր Նարեկացուն և Ներսես Շնորհալուն։

Հայոց գրերի ստեղծումից հետո՝ 5-րդ դարի սկզբին, Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները ձեռնամուխ եղան թարգմանական լայնածավալ աշխատանքի։ Առաջնային խնդիրներից մեկը Աստվածաշունչը հայերեն թարգմանելն էր։

Աստվածաշնչից հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է համարվում Սողոմոնի «Առակաց գրքի» խոսքը՝

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»՝ «ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։

Հետագայում հունարենից և ասորերենից հայերեն թարգմանվեցին նաև աստվածաբանական, փիլիսոփայական ու պատմական բազմաթիվ աշխատություններ։

Թարգմանչական այս շարժումը դարձավ հայ դպրության զարգացման կարևորագույն փուլերից մեկը։ Այն հատկապես նշանակալի էր մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը բաժանված էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, իսկ սեփական գիրն ու հայալեզու գրականությունը ազգային ու մշակութային ինքնության պահպանման կարևոր միջոց էին։

Մաշտոցից մինչև AI․ ինչ է փոխվել 16 դարում

Այսօր թարգմանության աշխարհը բոլորովին այլ է։ Մեքենայական թարգմանության և արհեստական բանականության գործիքները կարող են վայրկյանների ընթացքում մշակել այնպիսի ծավալի տեքստ, որի համար նախկինում երկար ժամանակ և մարդկային մեծ աշխատանք էր պահանջվում։

Սակայն տեխնոլոգիաների զարգացումը նոր ձևով է առաջադրում այն նույն հարցը, որի շուրջ մտածում էին հայ գրողները․ արդյո՞ք թարգմանությունը պարզապես բառերի և իմաստների ճշգրիտ փոխանցումն է, թե՞ այն պետք է մեկ այլ լեզվում պահպանի նաև բնագրի ոճը, հնչողությունը և կենդանությունը։

Այս իմաստով Թումանյանի՝ «Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է» ձևակերպումը նույնիսկ AI-ի դարաշրջանում չի կորցրել արդիականությունը։