«Հայաստանը չի շտապում դուրս գալ ՀԱՊԿ-ից». փորձագետը պարզաբանել է Երևանի դիրքորոշումը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ արտաքին ճնշման ներքո, սակայն չի էլ շտապում դուրս գալ կազմակերպությունից, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։
« Պատճառները հասկանալի են. Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական և առևտրատնտեսական հարաբերություններում բարդ իրավիճակի ֆոնին Երևանը լրացուցիչ լարվածություն ստեղծելու անհրաժեշտություն չունի», - հայտարարել է Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի թեման կարող է դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների առանցքային հարցերից մեկը, և արժե արդյոք մինչև տարեվերջ սպասել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուն։
Մինասյանի խոսքով՝ Մոսկվան, իր հերթին, նույնպես շահագրգռված չէ իր գործողություններով Հայաստանին դրդել ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալու։
« Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն հարաբերությունների վերջնական սրմամբ և այն կարմիր գծերի հատմամբ, որոնցից հետո երկկողմ երկխոսությունը զգալիորեն կբարդանա», - պարզաբանել է փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ մոտ ապագայում այս հարցի շուրջ որոշակի դադար կպահպանվի։
Ընդ որում, փորձագետը կարծում է, որ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցության կասեցումը և կազմակերպության շրջանակում որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորությունից նրա զրկումն առաջին հերթին քաղաքական և խորհրդանշական քայլ է։
« Ավելին՝ որոշակի քաղաքական-հոգեբանական տեսանկյունից սա ավելի շուտ վկայում է այն մասին, որ Հայաստանին առայժմ չեն ուզում վերջնականապես դրդել կազմակերպությունից դուրս գալուն », - հավելել է փորձագետը։
Մինասյանի գնահատմամբ՝ Այդ ընթացակարգն ինքնին գործնականում ոչինչ չի փոխում գործերի իրական դրության մեջ։ Շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես են զարգանալու հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում, երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և այլ կապերը։
Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը որոշում է կայացրել Հայաստանին զրկել Կազմակերպությունում ձայնի իրավունքից և ՀԱՊԿ կառույցում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներ նշանակելու հնարավորությունից։ Որպես պատճառ նշվում է կազմակերպության հանդեպ Երևանի պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ 2024 թվականից ի վեր անդամավճարների գծով պարտքերը և նրա գործունեությանը փաստացի չմասնակցելը։ Ընդ որում, որոշումը չի նշանակում Հայաստանի բացառում ՀԱՊԿ-ից, հանրապետությունը ձևականորեն մնում է միավորման մասնակից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները մտադիր չեն Հայաստանին բացառել կազմակերպությունից։
Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
Հայաստանը ձևականորեն մնում է ՀԱՊԿ անդամ, սակայն կազմակերպության գործունեությանը նրա մասնակցությունը սառեցված է։
2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին երկրի մասնակցության սառեցման մասին։ Նա դա բացատրել էր Հայաստանի հանդեպ կազմակերպության պարտավորությունների չկատարմամբ, մասնավորապես՝ 2021–2022 թվականներին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, Երևանի գնահատմամբ, պատշաճ արձագանքի բացակայությամբ։
2026 թվականի նոյեմբերի 5-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառված է, և հանրապետությունն այլևս շահագրգռված չէ կազմակերպությամբ։
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հղումով։

