Փաշինյանը բացատրել է, թե ինչու է նոր Սահմանադրությամբ նախատեսվում լուծարել Անվտանգության խորհուրդը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդի լուծարումը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկություններով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Անվտանգության խորհուրդը բնորոշ է նախագահական և կիսանախագահական կառավարման համակարգերին, որտեղ գերագույն հրամանատարը նախագահն է, սակայն Պաշտպանության, Ներքին գործերի և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարները նշանակվում են վարչապետի ներկայացմամբ։
«Իրենք ուղիղ ենթարկվում են նախագահին, բայց իրենք կառավարության անդամ են։ Այստեղ ճեղք է առաջանում, և անվտանգության խորհուրդը այդ ճեղքը լրացնելու համար է», – ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգում նման խնդիր չկա, քանի որ կառավարությունն ինքնին կատարում է Անվտանգության խորհրդի գործառույթները։
«Ամեն ինչի խորհուրդ է կառավարությունը, հետևաբար, այդ մարմնի գոյության իմաստը չկա պարզապես», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գործող համակարգում Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի մեծ մասը հետագայում ներկայացվում է կառավարության հաստատմանը։
Վարչապետի գնահատմամբ՝ այդ հարցերն անմիջապես կառավարության ձևաչափով քննարկելն ավելի արդյունավետ կլինի։

