«Ճակատագի՞ր է», թե՞ ամեն ինչ մեր ձեռքերում է․ կյանքի 5 հարցադրում, որոնց պատասխանները փիլիսոփաները փնտրել են դարեր շարունակ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ինչո՞ւ են որոշ մարդիկ պատրաստ զոհաբերել երջանկությունը հանուն սկզբունքների, իսկ մյուսները կարծում են, որ կյանքը չափազանց կարճ է նման զոհողությունների համար։ Կարելի՞ է արդյոք ազատ լինել, եթե անընդհատ մտածում ես, թե ինչ կասեն շրջապատի մարդիկ։ Մի՞շտ է պետք ասել ճշմարտությունը, նույնիսկ եթե այն կարող է փչացնել հարաբերությունները։ Եվ ո՞վ ում է ավելի շատ պարտական՝ ծնողները երեխաների՞ն, թե՞ երեխաները ծնողներին։
Սրանք համալսարանական դասագրքերից վերցված վերացական հարցեր չեն։ Փիլիսոփաները հազարամյակներ շարունակ խորհել են այս երկընտրանքների շուրջ, սակայն երջանիկ կյանքի բանաձևեր այդպես էլ չեն առաջարկել։ Փոխարենը թողել են բազմաթիվ գաղափարներ, որոնք օգնում են նորովի նայել սովորական թվացող երևույթներին։
Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանի հետ առաջարկում է անդրադառնալ կյանքի հինգ կարևոր հարցերի՝ համադրելով հայ և համաշխարհային մտածողների հայացքները մարդկային հարաբերությունների և սեփական ընտրության ժամանակակից ընկալումների հետ։
1. Երջանկությո՞ւն, թե՞ սկզբունքներ․ պարտադի՞ր է ընտրել դրանցից մեկը

Կարելի՞ է արդյոք երջանիկ լինել՝ սխալ վարվելով։ Եվ արժե՞ հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին, եթե դա բարդացնում է կյանքը։
Երջանկության և բարոյականության փոխհարաբերության հարցը փիլիսոփաներին հետաքրքրել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում։ Դավիթ Անհաղթը (V դարի վերջ – VI դարի առաջին կես)՝ հայկական փիլիսոփայական ավանդույթի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, փիլիսոփայական գիտելիքը կապում էր առաքինության և մարդու կատարելագործման հետ։ Նրա փիլիսոփայության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բանականությունը, բարոյական դաստիարակությունը և իմաստության ձգտումը։
Հայ մտածող Եզնիկ Կողբացին (IV–V դարեր) իր «Եղծ աղանդոց» աշխատության մեջ առանձնահատուկ նշանակություն էր տալիս մարդու կամքի ազատությանը։ Նրա համոզմամբ՝ մարդը չի ծնվում բարի կամ չար․ նա ինքն է ընտրում իր վարքագիծը։ Հենց գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունն է մարդուն պատասխանատու դարձնում իր արարքների համար։
Բայց արդյո՞ք կանոններին և բարոյական սկզբունքներին հետևելը միշտ մեզ ավելի երջանիկ է դարձնում։
ԵՊՀ դոցենտ Արման Ղարագուլյանն առաջարկում է նման դեպքում մտածել հենց ճիշտի և սխալի չափանիշների մասին։
«Եթե «ճիշտ վարվելը» ինձ երջանիկ չի դարձնում, միգուցե դա այնքան էլ ճիշտ չի՞։ Որտեղից ենք առհասարակ վերցնում ո՞րն է վարվելու ճիշտը, իսկ ո՞րը սխալը․․․ Սովորաբար դա արտաքին հաստատում է՝ ուսուցիչ, հեղինակություն, ինչ-որ մի ուսմունք, ինչ-որ մի գիրք․․․ Արդյունքում ստացվում է, որ գիտելիքի մակարդակում ես ունեմ մի բան, իսկ հույզերի, զգացողությունների և ցանկությունների մակարդակում լրիվ այլ բան», - ասում է նա։
Փիլիսոփայի կարծիքով՝ շատ ավելի կարևոր են ներքին ամբողջականությունն ու ներդաշնակությունն է, որովհետև հենց այդ վիճակում է, որ ճիշտ գործողությունները բերում են նաև խորքային բավարարվածություն։
Ստացվում է, որ խնդիրը պարտադիր չէ, որ երջանկության և սկզբունքների հակասության մեջ լինի։ Հնարավոր է՝ երբեմն արժե վերանայել ոչ թե սեփական արժեքները, այլ այն, թե որքան անկեղծորեն ենք դրանց հետևում։
2. Որքանո՞վ ենք մենք ազատ, եթե մեզ համար կարևոր է ուրիշների կարծիքը

Պատկերացրեք՝ ձեզ առաջարկում են ձեր երազանքների աշխատանքը, բայց մտերիմները կարծում են, որ այն լուրջ չէ։ Կամ ցանկանում եք փոխել սովորական կենսակերպը, սակայն վախենում եք շրջապատի դատապարտումից։ Ի վերջո, ո՞ւմ կարծիքը որոշիչ կլինի։
Ընդունված լինելու և հավանության արժանանալու ձգտումը միանգամայն բնական է։ Բայց ո՞ր պահին է ուրիշների կարծիքի նկատմամբ ուշադրությունը վերածվում կախվածության։
Դավիթ Անհաղթը ճշմարիտ գիտելիքն ու առաքինությունը հակադրում էր ամբոխի կարծիքին։ Իմաստուն մարդը պետք է առաջնորդվի բանականությամբ, այլ ոչ թե մեծամասնության փոփոխական գովեստներով ու դատապարտմամբ։
Նման թեմա է արծարծել նաև գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։ Իր աշխատություններում նա ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքանով է մարդու երջանկությունը կախված շրջապատի կարծիքից։ Նրա համոզմամբ՝ մարդիկ չափազանց հաճախ գերագնահատում են այն, թե ինչպես են երևում ուրիշների աչքերում, մինչդեռ սեփական բարեկեցության համար շատ ավելի կարևոր է այն, թե իրականում ովքեր են իրենք։
Բայց արդյո՞ք ներքին ազատությունը նշանակում է, որ պետք է ամբողջությամբ անտեսել շրջապատի կարծիքը։
« Ցանկացած կախվածություն արդեն անազատություն է, բայց կարելի է լինել ազատ՝ միաժամանակ նաև հաշվի առնելով շրջապատի կարծիքը », - կարծում է Արման Ղարագուլյանը։
Այլ կերպ ասած՝ շրջապատին լսելն արգելված չէ։ Կարևորն այն է, որ ուրիշներին չփոխանցենք մեր փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը։
3. «Բախտի բան ա՞»․ մե՞նք ենք կառավարում մեր կյանքը, թե՞ ամեն ինչ կանխորոշված է
«Բախտի բան ա» արտահայտությունը Հայաստանում կարելի է բավական հաճախ լսել։ Դրանով բացատրում են անսպասելի հաջողությունը, չկայացած գործարքը, երջանիկ հանդիպումը կամ հանգամանքների անհաջող դասավորությունը։
Բայց արդյո՞ք մեր կյանքն իսկապես որոշում է պատահականությունը։ Թե՞ մենք ինքներս ենք հիմնականում ստեղծում այն, ինչ հետագայում անվանում ենք ճակատագիր։
Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» աշխատության մեջ հանդես էր գալիս աստղագուշակության և ճակատագրապաշտության դեմ՝ մերժելով ճակատագրի՝ որպես մարդու կյանքը կանխորոշող ուժի մասին պատկերացումը։
Նրա փաստարկները հիմնված են կամքի ազատության և պատասխանատվության վրա․ եթե ամեն ինչ կանխորոշված է, ապա օրենքը, դաստիարակությունն ու բարոյականությունը կորցնում են իրենց իմաստը։ Չէ՞ որ մարդը չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար, եթե ընտրության հնարավորություն չունի։
Այս գաղափարը հետաքրքիր կերպով լրացնում է Հերակլիտոսի հայտնի արտահայտությունը՝ «Մարդու բնավորությունը նրա ճակատագիրն է»։ Այն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ կյանքի ուղին մեծապես կախված է հենց մարդու բնավորությունից, մտածողությունից և վարքագծից։
Արման Ղարագուլյանն առաջարկում է իր պատկերավոր համեմատությունը՝ բացատրելու համար, թե ինչու կյանքը չի կարելի հանգեցնել ո՛չ զուտ պատահականության, ո՛չ էլ նախապես գրված սցենարի։
Նա կյանքը համեմատում է տարբեր գույների թելերից հյուսված կտորի հետ։
«Մեր կյանքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դրանցից ոմանք ես գիտակցում եմ և կառավարում, ինչ-որ գործոններ թեև իմ ստեծածն են, բայց ես դրանք չեմ էլ գիտակցում, գործոնների ինչ-որ խումբ էլ ինձնից դուրս է․․․ այս ամենի միահյուսումը ստեղծում է որոշակի գործվածք, որը և ստանում եմ ներկա պահին․․․ եթե սպիտակ գույնի թելերը այս գործվածքում շատ են, ես կապրեմ իմ կյանքի սպիտակ գոտին, եթե սև թելերն են գերակշռում, կլինի ընդհակառակը․․ ես չեմ ուզում սրան ճակատագիր անվանել, որովհետև ավանդաբար համարվում է, որ ճակատագիրը ինչ-որ մի բան է, ինչ ես ստանում եմ ի վերուստ», - բացատրում է փիլիսոփան։
Միևնույն ժամանակ, նա չի ցանկանում նման միահյուսումը ճակատագիր անվանել․ դրանում չափազանց շատ բան կախված է հենց մարդուց։
Նույնիսկ բարդ իրավիճակում հայտնվելով՝ մենք պահպանում ենք ընտրության հնարավորությունը՝ ինչպես վերաբերվել տեղի ունեցողին և ինչ նոր թելեր ավելացնել սեփական կյանքի «կտավին»։
«Երջանիկ լինելու համար պարզապես պետք է հնարավորինս շատ պատճառներ ստեղծել դրա համար», - կարծում է Ղարագուլյանը։
4. Մի՞շտ է ճշմարտությունն ասելն ավելի լավ, քան լռություն պահպանելը
Պատկերացրեք՝ մտերիմ մարդը սխալ է գործում, բայց վստահ է իր իրավացիության մեջ։ Դուք կարող եք նրան ամեն ինչ ասել այնպես, ինչպես կա՝ վտանգելով հարաբերությունները, կամ լռել՝ կոնֆլիկտից խուսափելու համար։ Ո՞րն է ավելի ճիշտ։
Մխիթար Գոշը (XII դար) իր առակներում անդրադարձել է խոսքի բարոյական նշանակությանը՝ տարբերակելով ճշմարտախոսությունն ու չարախոսությունը։ Այն փաստը, որ ասվածը համապատասխանում է իրականությանը, դեռ չի նշանակում, որ այդ խոսքը բարոյապես արդարացված է։
Գոշի «Դեղձը և սերկևիլը» առակում հնչում է կարևոր միտք. «Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են»։
Համեմատությունը շատ դիպուկ է․ դեղը կարող է դառը լինել, բայց օգտակար։ Նույն կերպ ճշմարտությունը երբեմն տհաճ է լինում, սակայն օգնում է մարդուն տեսնել սեփական սխալներն ու փոխվել։
Ճշմարտության կարևորությունն ընդգծել է նաև Արիստոտելը։ Խոսելով փիլիսոփայական որոնումների մասին՝ նա նշել է, որ ճշմարտությունը պետք է ավելի բարձր դասել, քան անձնական կապվածությունը նրանց նկատմամբ, ում գաղափարները մենք կիսում ենք։ Այս սկզբունքը հատկապես կարևոր է այն մարդու համար, որը ձգտում է ինքնուրույն մտածել։
Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ ճշմարտությունը պետք է ասել միշտ և ցանկացած հանգամանքներում։
Արման Ղարագուլյանը կարծում է, որ այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Նախքան մարդուն տհաճ ճշմարտությունն ասելը կարևոր է հասկանալ սեփական շարժառիթները։
«Ամեն անգամ «ճշմարտության տանկը» քշելիս, պետք է հասկանալ, ինչի համար է դա արվում, օրինակ՝ պաշտպանելու համար էգոն, տպավորություն թողնել շրջապատի վրա թե՞ օգնելու դիմացինին աճել », -առաջարկում է մտածել փիլիսոփան։
Եթե նպատակը օգնելն է, նոր հարցեր են առաջանում․ արդյո՞ք մարդը պատրաստ է լսել ճշմարտությունը։ Եվ, առհասարակ, ցանկանո՞ւմ է նա իմանալ այն։
Սա չի նշանակում կեղծել, ինքդ քեզ դավաճանելը հանուն հարաբերությունների նույնպես ընդունելի չէ, սակայն երբեմն, ընդգծում է Ղարագուլյանը, կարելի է պարզապես լռել։
5. Ո՞վ ում է պարտական՝ ծնողները երեխաների՞ն, թե՞ երեխաները ծնողներին

«Մենք քեզ մեծացրել ենք, հիմա քո հերթն է մեր մասին հոգ տանելու»․ ընտանեկան զրույցներից շատերին ծանոթ տրամաբանություն է։ Բայց կարելի՞ է արդյոք ծնողական սերն ու երեխաների երախտագիտությունն ընդհանրապես չափել պարտքի կատեգորիաներով։
Ծնողների և երեխաների փոխադարձ պարտավորությունների հարցը հետաքրքրել է նաև հայ միջնադարյան մտածողներին։
Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» ընտանեկան հարաբերությունները դիտարկել է փոխադարձ իրավունքների և պատասխանատվության տեսանկյունից։ Ծնող լինելը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ երեխայի հանդեպ։ Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է դարձրել նաև ծնողների նկատմամբ երեխաների հարգալից վերաբերմունքին։
XIII դարի հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին նույնպես անդրադարձել է ընտանեկան պատասխանատվության, դաստիարակության և սերունդների միջև հարգանքի հարցերին։ Հայ միջնադարյան մտածողության մեջ ծնողական հոգատարությունն ու երեխաների հարգանքը դիտարկվել են որպես փոխկապակցված բարոյական պարտավորություններ։
Արման Ղարագուլյանն առաջարկում է այս թեմային նայել սեփական փորձի տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ինքն իրեն պարտական է զգում ծնողներին և հասկանում է, որ երբեք չի կարող ամբողջությամբ վերադարձնել նրանց հանդեպ ունեցած պարտքն ուղիղ ձևով։ Բայց կա մեկ այլ ճանապարհ՝ սեփական երեխաների նկատմամբ հոգատարությունը։
Միևնույն ժամանակ, փիլիսոփան կարևոր սահման է անցկացնում․ եթե ծնողը սկսում է համարել, որ երեխան իրեն պարտական է, հարաբերությունները դադարում են սիրո և հոգատարության հարաբերություններ լինելուց։
«Եթե ծնողը սկսեց մտածել, որ իր երեխաները պարտական են իրեն, դա արդեն ոչ թե ծնողավարություն է, այլ սեփականատիրոջ մտածողություն », - կարծում է Ղարագուլյանը։
Այսպիսով, ծնողական պատասխանատվությունն ու երեխաների երախտագիտությունը նույն բանը չեն։ Երեխան կարող է երախտապարտ լինել ծնողներին այն ամենի համար, ինչ նրանք արել են իր համար, բայց դա չի նշանակում, որ նրա կյանքը պետք է վերածվի «պարտքի անվերջ մարման»։
Փիլիսոփայությունը սկսվում է այն հարցերից, որոնք մենք տալիս ենք ինքներս մեզ
Փիլիսոփայությունն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ 2026 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում փիլիսոփայական մտածողության՝ մարդուն համաշխարհային մարտահրավերները հասկանալու հարցում օգնելու կարողությանը՝ արհեստական բանականությունից և կլիմայական փոփոխություններից մինչև միգրացիա և առողջապահության խնդիրներ։ Ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդներն ու նրանց մասնակցությունը ժամանակակից հասարակության համար լուծումների որոնմանը։
Հնարավոր է՝ փիլիսոփայության գլխավոր իմաստը ոչ թե պատրաստի պատասխանների, այլ կասկածելու, դատողություններ անելու և ինքնուրույն ճշմարտությունը որոնելու կարողության մեջ է։ Չէ՞ որ այն սկսվում է ոչ թե մեծ մտածողների մեջբերումներից, այլ այն հարցերից, որոնք մարդը տալիս է ինքն իրեն։

