Ե՞րբ Հայաստանը կհասնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը. Փաշինյանը պարզաբանում է

19.11.2026, 14:51
Նա նաև ընդգծել է այս գործընթացում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման կարևորությունը
Ե՞րբ Հայաստանը կհասնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը. Փաշինյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը խնդիր է դրել 2029 թ.-ին հասնել Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թ.-ին մենք ունենանք վիզաների ազատականացում», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ երբ իշխանությունը նպատակ է դնում և դրա իրականացման ժամկետ սահմանում, ժամանակի ընթացքում երբեմն կարող է թվալ, թե այդ նպատակի իրագործումն ավելի քիչ իրատեսական է դառնում։

«Ես պետք է իմ տպավորությունն ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որ ժամանակի հետ 2029 թ.-ին այդ արդյունքն ունենալը, ինձ թվում է, ավելի իրատեսական է, մանավանդ՝ մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում», - ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է այս գործընթացում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման կարևորությունը։

Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։

2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովը Հայաստանին է ներկայացրել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է մի շարք պահանջների կատարում փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, հասարակական կարգի և հիմնարար իրավունքների ոլորտներում։

2026 թվականի ապրիլի 30-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ առաջին զեկույցը։

Առանց վիզայի համակարգին անցումը հնարավոր է սահմանված պահանջների կատարումից և ԵՄ-ի կողմից համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո։

Ենթադրվում է, որ առանց վիզայի  համակարգի ներդրումից հետո Հայաստանի քաղաքացիները կկարողանան կարճաժամկետ ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում մինչև 90 օր տևողությամբ։