Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան

19.11.2026, 13:00
Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ, հայտարարել է Փաշինյանը
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, ըստ էության, արդեն առաջիկայում մտնելու ենք այս գործընթացի գործնական իրականացման փուլ։ Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը, որը մշակվել է որոշակի քննարկումների արդյունքում՝ որպես նախնական նախագիծ, իր ներսում ունենալով այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են, այդ թվում՝ նախորդող շրջանում, նախընտրական քարոզչության ընթացքում», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, թե ինչու նոր Սահմանադրության մեջ չպետք է հղումներ լինեն Անկախության հռչակագրին։

«Անկախության հռչակագրի մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսին Արևմտյան Հայաստանն է, հստակ հղում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման գործընթացին, և հիմա շատ կարևոր է արձանագրել, թե ինչու չպետք է մենք ունենանք Սահմանադրության մեջ կապ այս դրույթների հետ։ Որովհետև այդ փաստաթուղթն ապահովել է Հայաստանի Հանրապետության այնպիսի դիրքավորում, որ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը», – ասել է Փաշինյանը կառավարության նիստում։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել հակամարտային տրամաբանությունից։

«Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը։ Մենք պետք է առերեսվենք այս փաստի հետ», – հայտարարել է Փաշինյանը։

Ինչու է ծագել վեճը Սահմանադրության շուրջ

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը մնում է հայ-ադրբեջանական օրակարգի տարաձայնություններից մեկը։

Բաքվում կարծում են, որ Հայաստանի գործող Մայր օրենքում պարունակվում են դրույթներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և այդ դրույթների վերացումը կապում են խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարի հետ։

Երևանում բազմիցս ընդգծել են, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է և չի կարող իրականացվել այլ պետության պահանջով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունում է Սահմանադրության փոփոխությունը որպես Հայաստանի ներքին օրակարգ, սակայն շարունակում է այդ հարցը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

Քաղաքական ուժերի հայտարարության մասին

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի 13 ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդես են եկել համազգային միավորման ձևավորման մասին համատեղ հայտարարությամբ։

Ստորագրողները սահմանել են չորս հիմնական նպատակ՝ թույլ չտալ Հայաստանին պարտադրել այսպես կոչված «ալիևյան սահմանադրությունը», հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունը և Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես վերականգնել ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները։

Նախաձեռնության մասնակիցները պայմանավորվել են համակարգել իրենց գործողությունները և կոչ են արել այլ քաղաքական ու հասարակական ուժերի միանալ միավորմանը։