Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 20-ի հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել նախորդ դեպան Գուրգեն Արսենյանը։
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել հանրապետության նախագահի 2024 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով։
Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 17-ին Երևանում։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1991 թվականից։
1994–2000 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2000–2004 թվականներին գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունը, 2004–2010 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը, իսկ 2011–2016 թվականներին՝ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը։
2016–2018 թվականներին եղել է Լիբանանում Հայաստանի դեսպանը, իսկ 2018–2023 թվականներին՝ Լեհաստանում։

