Ինչպե՞ս է վերահսկվելու Ամուլսարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ընկերությունից պարզաբանում են

14.10.2026, 18:49
Ամուլսարի հանքավայրում բնապահպանական վերահսկողությունը ներառում է երկու հիմնական ուղղություն
Ինչպե՞ս է վերահսկվելու Ամուլսարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ընկերությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամուլսարի հանքավայրում բնապահպանական վերահսկողությունը ներառում է երկու հիմնական ուղղություն՝ մոնիթորինգ ընկերության կողմից և վերահսկողություն պետական մարմինների կողմից, հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը:

Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին նվիրված արարողություն, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխատող մասնագետներ կան ընկերության ներսում, որոնք և՛ պատասխանատու են, և՛ ուշադիր են այդ բնապահպանական հարցերին ու խնդիրներին։ Եվ կան պետական մի շարք գերատեսչություններ, մասնագետներ, որոնք իրենց հերթին որոշակի պարբերականությամբ ինֆորմացիա են ստանում, որոշակի ստուգումներ են անելու», - նշել է Սանոսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հանքի շահագործման փուլին անցնելուց հետո իրականացվում է տարբեր ցուցանիշների, այդ թվում՝ ջրի և օդի վիճակի պարբերական մոնիթորինգ, ինչը թույլ է տալիս արձանագրել փոփոխությունները և դրանց հնարավոր ազդեցությունները։

«Ընկերությունը վարձում է նաև միջազգային տարբեր մասնագետների՝ հաշվի առնելով, որ այս խնդիրն անընդհատ բարձրացվել է, որպեսզի մասնագիտական լուրջ վերլուծություններ տեղի ունենան», - ասել է Սանոսյանը:

Ամուլսարի շահագործումից համայնքները տարեկան կստանան 9 մլն դոլար

Սանոսյանը հայտարարել է, որ հանքավայրի շահագործումն իրականացնող ընկերությունը պարտավորվում է շինարարության փուլում համայնքներին տարեկան վճարել 7 մլն դոլար, իսկ շահագործման փուլին անցնելուց հետո՝ տարեկան 9 մլն դոլար։

«Մենք շինարարության փուլ ենք համարել 2025 թվականի կեսից մինչև 2026 թվականի ավարտ, այսինքն` մոտ 1,5 տարի։ Համաձայնագրում նշել ենք, որ ընկերությունն արդեն պարտավորվում է այդ ժամանակահատվածի համար համայնքներին վճարել 10,5 մլն դոլար։ Երբ արդեն հանքը շահագործման փուլում է, ապա այդ գումարն ավելանում է, դառնում է 9 մլն դոլար», - նշել է նա։

Սակայն, նրա խոսքով, կա որոշակի բանաձև, որը կախված է յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով ոսկու արժեքից։

Սանոսյանը նշել է, որ հաշվի առնելով միջոցների զգալի ծավալը և դրանք համայնքների համար կարևոր ուղղություններով ծախսելու անհրաժեշտությունը՝ համայնքների և մարզպետարանների հետ համատեղ մշակվել է այդ միջոցների բաշխման և օգտագործման մեթոդաբանություն։

Մասնավորապես, սահմանվել են համայնքների կողմից հայտերի ներկայացման կարգը և այն ուղղությունները, որոնց համար կարող են ծախսվել գումարները։ Այս ծրագրերի իրականացման համար ստեղծվել է Ամուլսարի զարգացման առանձին հիմնադրամ։ Ներկայումս շարունակվում են դրա գործունեության հետ կապված իրավական ընթացակարգերը։ Հիմնադրամը համայնքների հետ համագործակցությամբ կիրականացնի այդ ծրագրերը։

«Մենք շատ մեծ համոզվածություն ունենք, շատ մեծ տրամադրվածություն ունենք, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում մեր ազդակիր բնակավայրերը էապես կփոխվեն», - հայտարարել է Սանոսյանը։

Հանքավայրի պաշարները կբավարարեն մինչև 2038 թվականը

Սանոսյանի խոսքով՝ ոսկու որոշակի ծավալի տարեկան արդյունահանման դեպքում հանքավայրի առկա պաշարները կբավարարեն մինչև 2038 թվականը։

Հանքի փակման գործընթացը սկսվելուց հետո նախատեսվում է տարածքի ռեկուլտիվացիա (վերականգնում):

Ինչպես պարզաբանեց Սանոսյանը, գործընթացը կիրականացվի սահմանված փաստաթղթերին համապատասխան և կավարտվի հանքի փակմամբ, տարածքի վերականգնմամբ ու կանաչապատմամբ։

Միևնույն ժամանակ, եթե հետագա ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվեն լրացուցիչ պաշարներ, այդ թվում՝ ավելի մեծ խորության վրա, հանքի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել։

Դրա համար ընկերությունը պետք է անցկացնի լրացուցիչ ուսումնասիրություններ, դրանց արդյունքները ներկայացնի համապատասխան պետական մարմիններին և ստանա նոր թույլտվություններ։ Այդ դեպքում լիցենզիայի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել։

Ամուլսարի մասին

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։ Ծրագիրն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որի բաժնետոմսերի 12.5%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

Ծրագրում պետական և մասնավոր ներդրումների ծավալը գերազանցում է 750 մլն դոլարը։ Ակնկալվում է, որ հանքի շահագործումից տարեկան հարկային մուտքերը կգերազանցեն 100 մլն դոլարը։ Ընկերությունը նաև պարտավորվել է ավելի քան 100 մլն դոլար ուղղել հարակից Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների զարգացմանը՝ տարեկան հատկացնելով մինչև 9 մլն դոլար։ Ծրագիրը նախատեսված է մինչև 2039 թվականը։

Ծրագրի իրականացումը մի քանի տարի շարունակ ուղեկցվել է բնապահպանների և տեղի բնակիչների բողոքի ակցիաներով, որոնք մտավախություն ունեին Ջերմուկի ջրային ռեսուրսների և Սևանա լճի աղտոտման վերաբերյալ։ Իրականացվել են հանքավայրում աշխատանքները դադարեցնելու պահանջով բողոքի ակցիաներ։