Նոյեմբերի 1-ից Հայաստանում մի շարք ապրանքներ կներառվեն թվային դրոշմավորման փորձնական ծրագրերում. ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․
- կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
- հիգիենայի միջոցներ,
- հեծանիվ,
- ծխախոտի փոխարինիչներ,
- կենցաղային ապրանքներ,
- լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
- դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
- կոշկեղեն, խաղալիքներ,
- ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
- բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
- բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։
Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։
Փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը։
ՊԵԿ-ից նշում են, որ ծրագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։
Մասնավորապես, նախաձեռնությունը միտված է ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար արդար մրցակցային պայմանների ձևավորմանն ու սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Միաժամանակ, թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի պարզեցմանն, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։

