Որքան կարժենան նոյեմբերի 1-ից գործարկվող նոր անձնագրերն ու ID-քարտերը. ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել

14.10.2026, 12:08
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է մի շարք կարևոր հարցեր՝ նոր կենսաչափական համակարգի ներդրման վերաբերյալ
Որքան կարժենան նոյեմբերի 1-ից գործարկվող նոր անձնագրերն ու ID-քարտերը. ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է մի շարք կարևոր հարցեր՝ նոր կենսաչափական համակարգի ներդրման վերաբերյալ։

Պետական լիազորությունները կմնան ՆԳՆ-ի ներքո

2026 թվականի նոյեմբերի 1-ից նախատեսվող նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ պետության բացառիկ լիազորությունները փոխանցվում են մասնավոր ընկերությանը։

Անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացուն։

Ինչպես է ընտրվել մասնավոր գործընկերը

Մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացվել է մրցութային ընթացակարգով, որի փուլերն ու արդյունքները հրապարակվել են։

Որակավորման փուլը հաղթահարել են երեք թեկնածուներ, սակայն վերջնական առաջարկներ ներկայացրել են երկու կոնսորցիումներ։ Տեխնիկական և ֆինանսական առաջարկների համադրված գնահատմամբ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստացել է 94,97 միավոր, իսկ մյուս մասնակիցը՝ 79,24 միավոր։

Հաղթողի ընտրության արդյունքները հրապարակվել են 2025 թվականի մարտի 31-ին։

Հաղթող կոնսորցիումը Հայաստանում հիմնադրել է «HAYPASS» («Հայփաս») ՓԲԸ-ն, որի հետ պայմանագրի ստորագրման մասին ՆԳ նախարարությունը հայտնել է դեռևս 2025 թվականի ապրիլի 25-ին։

Որտեղ կբացվեն սպասարկման նոր կենտրոնները

Երևանում սպասարկման նոր գրասենյակներ կբացվեն «Երևան Մոլում» և «Մեգամոլում»․ խոսքը քաղաքացիների սպասարկման համար նախատեսված, տեխնիկապես հագեցած, մատչելի և բանուկ հատվածներում գտնվող ընդարձակ գրասենյակների մասին է։

Ծառայությունների մատուցման գրասենյակի տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացու փաստաթղթավորմանը ներկայացվող իրավական պահանջներին։ 

Ինչու է ներդրվում նոր կենսաչափական համակարգը

Նոր կենսաչափական համակարգի ներդրման նպատակը անձի ինքնության պաշտպանության ամրապնդումն ու փաստաթղթերի կեղծման ռիսկերի նվազեցումն է։ 
Նոր համակարգի գործարկումը չի նշանակում նաև, որ արդեն տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար անվավեր են դառնալու։

Դրանք պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը, և անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու դեպքում միայն հին փաստաթուղթը ճանաչվում է անվավեր։ 

Որքան կարժենան նոր անձնագրերն ու ID-քարտերը

Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։

Գերատեսչությունը հայտնում է, որ այս արժեքները համեմատելի չեն, օրինակ, հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ, իսկ նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի հետ համեմատել կարող ենք։

Դրանք արժեին 25 000 դրամ, սակայն կրիչները աշխարհում փոխճանաչելի չէին, փաստաթղթի պաշտպանությունը՝ ցածր։ Այժմ ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտով։ 

Ինչու փաստաթղթերի պետական տուրքերը չսահմանվեցին կլորացված չափերով՝ 6 000 և 30 000 դրամ

Պատճառը, ՆԳՆ պարզաբանման համաձայն, այն է, որ սա մասնավորի կողմից առաջարկված ինքնարժեքն է, իսկ պետության կողմից առաջարկված գնին ավելացրել է 0 դրամ։

Ինչ է լինելու գործող տարածքային ստորաբաժանումների հետ

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները նոյեմբերի 1-ից անմիջապես չեն դադարելու գործել։ Ցանցի օպտիմալացումը նախատեսված է փուլային եղանակով։

Նոյեմբերի 1-ից Հայ Փասը կբացի 14 գրասենյակ, իսկ 2027 թվականի սկզբին դրանց թիվը կհասնի 23-ի։ 

Ինչպես են պլանավորում նվազեցնել հերթերը

Հերթերի կրճատման նպատակով՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դրանց նվազեցման նպատակով արդեն իսկ ներդրել է էլեկտրոնային և կենդանի հերթերի համակցված սպասարկում, նաև չօգտագործվող ամրագրումների չեղարկման հնարավորություն։

Իսկ նոր համակարգով նախատեսվում է կրճատել սպասարկման տևողությունը․ օրինակ՝ անչափահասի անձնագրավորումը ներկայիս 25 րոպեի փոխարեն կտևի 5 րոպե։

Կենսաչափական համակարգի ներդրման մասին

2024 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիներին նոր նմուշի ID-քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու մասին։ Անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծմամբ զբաղվում է մրցույթում հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à r.l. կոնսորցիումը։

2025 թվականի ապրիլին Հայաստանում համաձայնագիր է ստորագրվել այդ կոնսորցիումի կողմից ստեղծված «ՀԱՅՓԱՍ» ընկերության հետ, որը զբաղվում է երկրում կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի համակարգի ենթակառուցվածքի ներդրմամբ։

Կենսաչափական համակարգի ներդրումը ԵՄ հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի կատարման շրջանակներում բարեփոխումների ուղղություններից մեկն է։