ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ կալանավորված ադրբեջանցի զինծառայողին այցելելու շուրջ

14.10.2026, 13:06
Այս մասին  «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ կալանավորված ադրբեջանցի զինծառայողին այցելելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապ է պահպանում ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևին այցելելու հարցով։

Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարա Ամատունին:

«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք այցելել նրան», - նշել է Ամատունին:

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։