Հայաստանն ու «Ռուսական երկաթուղիները» համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

14.10.2026, 16:10
Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանն ու «Ռուսական երկաթուղիները» համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ վսրչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։ 

Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ 

Հայաստանի պլանների մասին ՀԿԵ-ի վերաբերյալ

2026 թվականի փետրվարին Փաշինյանը չբացառեց Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար բարեկամական երկրի, մասնավորապես Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:

Նա հայտարարում էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:

Հուլիսի 30-ին Փաշինյանը հնարավոր համարեց 2 միլիարդ դոլարի չափով ֆինանսական պահանջներ Ռուսաստանին՝ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավունք ունի օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ: Ռուսական կողմի գնահատմամբ՝ կոնցեսիայի գործողության սկզբից ի վեր Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։