Աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն Երևանում է․ օպերային աստղերը կհամախմբվեն լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ (տենոր), դիրիժոր և դաշնակահար Պլասիդո Դոմինգոն այսօր ժամանել է Երևան՝ մասնակցելու համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին։
«Ուրախ եմ երկրորդ անգամ լինել Երևանում։ Ընդամենը 4 ժամ առաջ եմ ժամանել, բայց խոստանում եմ համերգի ժամանակ լիովին պատրաստ լինել»,- ասաց Դոմինգոն համերգին նվիրված ասուլիսի ժամանակ։
Նա նաև նշեց, որ շատ ջերմ հիշողություններ ունի` կապված Գեղամ Գրիգորյանի հետ։
Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, նշեց, որ համերգը նվիրված կլինի ոչ միայն նրա ստեղծագործական ժառանգությանը, այլև նրա կյանքի պատմությանը. երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև պատմություններ ու հարցուպատասխան։
«Ինձ համար շատ կարևոր է, որ ամբողջ ընտանիքը հավաքվի և մեկ բեմում լինի»,- ընդգծեց նա։
Գալա-համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն մեկ բեմում կհավաքի Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամներին, գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին։
Համերգի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդի է` Վարդան Գրիգորյանը։

