Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է․ կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։
Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Միջադեպի հետևանքով 42–ամյա տղամարդ է հոսպիտալացվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

