Facebook-ը զգուշացնում է հղումների սահմանափակման մասին․ հինգ քայլ, որոնք պետք է ձեռնարկեն խմբագրությունները նախքան բաժանորդագրություն գնելը

28.11.2026, 12:48
Facebook–ը սահմնանափակում է արտաքին հղումներով անվճար հրապարակումները մի շարք հայկական ԶԼՄ–ների համար
Facebook-ը զգուշացնում է հղումների սահմանափակման մասին․ հինգ քայլ, որոնք պետք է ձեռնարկեն խմբագրությունները նախքան բաժանորդագրություն գնելը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական մի շարք լրատվամիջոցներ Facebook-ից ծանուցումներ են ստացել արտաքին հղումներով անվճար հրապարակումների սահմանաչափն ամսական երկուսով սահմանափակելու և Meta One վճարովի բաժանորդագրության անցնելու առաջարկի մասին։ Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը, ինչի մասին գրել է ARKA Telecom-ը

Լրատվական խմբագրությունների, առցանց խանութների և այլ ընկերությունների համար, որոնք սոցիալական ցանցն օգտագործում են իրենց կայքեր այցելուներ ներգրավելու նպատակով, նման սահմանափակումները կարող են էապես փոխել բովանդակության տարածման ընդունված մոդելը։

Սակայն զգուշացման հայտնվելը չի նշանակում, որ խմբագրությունը պետք է անհապաղ բաժանորդագրություն ձեռք բերի։ Նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ սահմանափակումներ են գործում տվյալ էջի նկատմամբ, և արդյոք դրա համար նախատեսված են բացառություններ։

1. Ի՞նչ ծանուցում է ստացել էջը

Առաջին քայլը Facebook-ի զգուշացման բովանդակությունն արձանագրելն է։

Էջի ադմինիստրատորը պետք է պահպանի՝

·        ծանուցման սքրինշոթը և ամբողջական տեքստը,

·        դրա հայտնվելու ամսաթիվը,

·        էջի անվանումն ու նույնականացուցիչը,

·        հղումներով թույլատրված հրապարակումների մնացած քանակի մասին տեղեկատվությունը, եթե այն ցուցադրվում է,

·        առաջարկվող վճարովի բաժանորդագրության պայմանները։

Կարևոր է տարբերակել հնարավոր սահմանափակման մասին զգուշացումը, գործող սահմանաչափի մասին ծանուցումը և այդ սահմանաչափի սպառման մասին հաղորդագրությունը։

Բացի այդ, անհրաժեշտ է համոզվել, որ բաժանորդագրության առաջարկն իսկապես Meta-ից է և ցուցադրվում է հարթակի պաշտոնական ինտերֆեյսում։

2. Ի՞նչն է սահմանափակում Facebook-ը

Խոսքը Facebook-ի որոշակի էջերի համար արտաքին հղումներով օրգանական, այսինքն՝ առանց վճարովի առաջխաղացման հրապարակումների քանակի սահմանափակման մասին է։

Այն էջերի համար, որոնց նկատմամբ կիրառվում են Meta-ի նոր սահմանափակումները, անվճար սահմանաչափն օրացուցային ամսվա ընթացքում կազմում է արտաքին հղումով երկու հրապարակում կամ մեկնաբանություն։ Ընդ որում, սահմանափակումը գործում է Facebook–ի ոչ բոլոր էջերի համար։

Հետևաբար, հրապարակման հիմնական տեքստի փոխարեն առաջին մեկնաբանության մեջ հղում տեղադրելը չպետք է դիտարկել որպես խնդրի լուծման երաշխավորված միջոց։

Համաձայն Facebook-ի աջակցության կենտրոնի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի արխիվային պատճենի՝ ամսական սահմանաչափում չեն հաշվարկվում՝

·        արդեն իսկ հղում պարունակող հրապարակման մեկնաբանություններում տեղադրված լրացուցիչ հղումները,

·        Meta-ի հարթակների, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի և Threads-ի հղումները,

·        Facebook-ի գործընկերային ծրագրերի (Facebook Affiliate Partnerships) շրջանակում տեղադրված հղումները,

·        գովազդային հրապարակումներում տեղադրված հղումները։

Խմբագրությունը պետք է առանձին ստուգի հղումների տեղադրման պայմանները՝

·        սովորական հրապարակումներում,

·        էջի անունից արված մեկնաբանություններում,

·        լուսանկարներով և տեսանյութերով հրապարակումներում,

·        Stories–ում և Reels–ում,,

·        գովազդային հրապարակումներում,

·        Meta Business Suite-ի և հրապարակումների նախապես պլանավորման համար նախատեսված երրորդ կողմի ծառայությունների օգտագործման դեպքում։ 

Առանձին ձևաչափերի և գործիքների սահմանափակումները կարող են տարբեր լինել։ Չարժե մեկ ծանուցման մեջ նշված պայմաններն ինքնաբերաբար տարածել բովանդակության հրապարակման բոլոր եղանակների վրա։

3. Արդյո՞ք սահմանափակումը տարածվում է հենց լրատվամիջոցի էջի վրա

Արթուր Պապյանի խոսքով՝ լրատվական հրատարակիչների համար նախատեսված է բացառություն, սակայն, փորձագետի գնահատմամբ, հայկական որոշ լրատվամիջոցների էջեր կարող են բախվել սահմանափակումների՝ ավտոմատ դասակարգման համակարգի առանձնահատկությունների պատճառով։

Միաժամանակ Meta-ն չի հրապարակել էջը որպես լրատվական հրատարակիչ ճանաչելու սպառիչ չափանիշները, իսկ հայկական լրատվամիջոցների առանձին էջերի նկատմամբ հնարավոր սխալ սահմանափակումների կիրառման պատճառներն ընկերության կողմից պաշտոնապես չեն հաստատվել։

Փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել էջի կատեգորիան, Meta-ի համակարգում կայքի դոմենի և իրավաբանական անձի հաստատման կարգավիճակը։

Մասնավորապես, խմբագրությունը պետք է պարզի՝

·        արդյոք էջի կատեգորիան համապատասխանում է լրատվամիջոցի փաստացի գործունեությանը,

·        հաստատված է արդյոք լրատվական կայքի դոմենը,

·        ճիշտ է արդյոք կարգավորված կայքի և էջի կապը բիզնես հաշվի հետ,

·        անցել է արդյոք իրավաբանական անձի հաստատման ընթացակարգը, եթե այն հասանելի է,

·        արդյոք էջի նկատմամբ գործում են այլ սահմանափակումներ։

Ընդ որում, էջի կատեգորիայի փոփոխությունը կամ դոմենի հաստատումն ինքնին չեն երաշխավորում սահմանաչափի վերացումը։

Եթե Facebook-ը շարունակում է ցուցադրել զգուշացումը, խմբագրությունը պետք է դիմի Meta-ի աջակցման ծառայությանը՝ խնդրելով ստուգել էջի դասակարգումը որպես լրատվական հրատարակիչ։

4. Ի՞նչ է տալիս Meta One վճարովի բաժանորդագրությունը, և որքա՞ն արժե այն

2026 թվականի սեպտեմբերի 15-ին Meta-ն ներկայացրել է Meta One բաժանորդագրությունների շարքը, որը ներառում է բիզնեսի և բովանդակություն ստեղծողների համար նախատեսված չորս սակագնային փաթեթ։

Համաձայն Meta-ի հրապարակած մեկնարկային գների՝

·        Essential՝ ամսական 14,99 դոլարից,

·        Advanced՝ ամսական 49,99 դոլարից,

·        Expert՝ ամսական 149 դոլարից,

·        Max՝ ամսական 499 դոլարից։

Համաձայն Facebook-ի աջակցության կենտրոնի արխիվային պատճենի՝ այն էջերի համար, որոնց նկատմամբ կիրառվում են սահմանափակումները, նախատեսված են հղումներով հրապարակումների կամ մեկնաբանությունների հետևյալ ամսական սահմանաչափերը՝

·        առանց բաժանորդագրության՝ երկու,

·        Essential՝ երկու,

·        Advanced՝ ութ,

·        Expert՝ 20,

·        Max՝ անսահմանափակ։

Այսպիսով, հղումների սահմանաչափն ավելացնելու հնարավորությունը նախատեսված է Advanced սակագնային փաթեթից սկսած։ Essential բազային բաժանորդագրության ձեռքբերումը չի ավելացնում ամսական հղումներով երկու հրապարակման կամ մեկնաբանության սահմանաչափը։

Անվճար սահմանաչափը թարմացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, իսկ վճարովի բաժանորդագրության սահմանաչափը՝ դրա ամենամսյա երկարաձգման օրը։ Հղումներով հրապարակումների կամ մեկնաբանությունների չօգտագործված քանակը չի փոխանցվում հաջորդ ամիս։

Meta-ն նաև զգուշացնում է, որ սակագնային փաթեթների արժեքը, գործառույթներն ու հասանելիությունը կարող են կախված լինել երկրից, հավելվածից և կոնկրետ հաշվից։

Բաժանորդագրություն ձեռք բերելուց առաջ խմբագրությունը պետք է ստուգի իր էջի համար բաժանորդագրության փաստացի արժեքը, հղումներով հասանելի հրապարակումների քանակը, մեկնաբանությունների հաշվարկման պայմանները, ինչպես նաև բաժանորդագրության գործողության տարածումը մեդիաընկերության մյուս էջերի վրա։

Օրական տասնյակ նորություններ հրապարակող լրատվամիջոցի համար ամսական սահմանաչափի ավելացումը նույնիսկ մինչև ութ կամ 20 հրապարակում չի լուծի բովանդակության լիարժեք տարածման խնդիրը։

Անհրաժեշտ է նաև գնահատել բաժանորդագրության տնտեսական նպատակահարմարությունը՝ պարզելով, թե Facebook-ից որքան այցելու է անցնում կայք, ինչ եկամուտ է ապահովում այդ տրաֆիկը, և որքանով են արդարացված լրացուցիչ ծախսերը՝ հաշվի առնելով մեդիաընկերության էջերի քանակն ու դրանցից յուրաքանչյուրի բաժանորդագրության պայմանները։

5. Ի՞նչ հարցեր է անհրաժեշտ ուղղել Meta-ին և ինչպե՞ս նախապատրաստվել հնարավոր սահմանափակումներին

Meta-ի աջակցման ծառայությանը դիմելիս խմբագրությունը պետք է ստանա հետևյալ հարցերի պատասխանները՝

·        Արդյո՞ք սահմանափակումը տարածվում է լրատվամիջոցի կոնկրետ էջի վրա։

·        Ինչո՞ւ է էջը ստացել համապատասխան ծանուցումը։

·        Արդյո՞ք հարթակն այն ճանաչում է որպես լրատվական հրատարակիչ (News Publisher)։

·        Արդյո՞ք դրա նկատմամբ կիրառելի է լրատվական հրատարակիչների համար նախատեսված բացառությունը։

·        Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ էջի դասակարգումը վերանայելու համար։

·        Հրապարակումների ո՞ր ձևաչափերն են հաշվի առնվում ամսական սահմանաչափը հաշվարկելիս։

·        Ո՞ր սակագնային փաթեթը թույլ կտա ավելացնել սահմանաչափը կամ վերացնել սահմանափակումը։

·        Ե՞րբ է թարմացվում ամսական սահմանաչափը։

Դիմումին ցանկալի է կցել ծանուցման սքրինշոթը, էջի հղումը, լրատվամիջոցի պաշտոնական կայքի հասցեն և իրավաբանական անձի մասին տեղեկությունները։

Միաժամանակ խմբագրություններին անհրաժեշտ է գնահատել Facebook-ից իրենց կախվածության աստիճանը և նախապատրաստել բովանդակության տարածման այլընտրանքային ուղիներ։

Դրանց թվում են Telegram-ը, WhatsApp-ի ալիքները, էլեկտրոնային փոստով լրատվական տեղեկագրերի առաքումը, դիտարկիչների push-ծանուցումները, սեփական բջջային հավելվածները, որոնողական համակարգերից և ուղիղ այցելությունների միջոցով լրատվական կայքեր եկող տրաֆիկը։

Գլխավոր եզրակացությունը

Facebook-ում հղումների սահմանափակման մասին զգուշացման հայտնվելը էջի կարգավիճակը ստուգելու, այլ ոչ թե ինքնաբերաբար վճարովի բաժանորդագրություն ձեռք բերելու առիթ է։

Նույնիսկ եթե խմբագրության նկատմամբ կիրառվի գործող սահմանափակումներից բացառություն, դա չի երաշխավորում նախկին պայմանների պահպանումն ապագայում։

Լսարանի հետ փոխգործակցության սեփական ուղիների զարգացումը լրատվամիջոցների համար դառնում է ոչ միայն մարքեթինգային խնդիր, այլև բիզնես ռիսկերի կառավարման բաղադրիչ։