Հայ մամուլի օր․ ինչպես է ԱԲ–ն փոխում լրագրությունը, և ինչու է վստահությունը դառնում ԶԼՄ–ների գլխավոր կապիտալը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին հնդկական Մադրասում լույս տեսավ ՝ Հարություն Շմավոնյանի հիմնադրած առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» առաջին համարը։ Այսօր Հայաստանում այդ ամսաթիվը նշվում է որպես Հայ մամուլի օր։
232 տարի անց լրագրությունը բախվել է նոր տեխնոլոգիական հեղափոխության հետ։ Արհեստական բանականությունը վայրկյանների ընթացքում ունակ է պատրաստել նորության սևագիրը, թարգմանել հարցազրույցը, վերլուծել փաստաթղթերը և ստեղծել պատկեր, որը դժվար է տարբերել իրականից։
Արդյո՞ք ԱԲ-ն կդառնա լրագրողի օգնականը, թե՞ նրա մրցակիցը։ Եվ ի՞նչը կմնա պրոֆեսիոնալ խմբագրության առավելությունը, երբ գրեթե յուրաքանչյուր ոք կկարողանա ստեղծել բովանդակություն ։
Արագությունից դեպի վստահություն
ԱԲ-ն արդեն օգնում է խմբագրություններին վերծանել հարցազրույցները, թարգմանել նյութերը, համակարգել փաստաթղթերը և վերլուծել տվյալները։ Սահմանափակ ռեսուրսներով փոքր ԶԼՄ-ների համար սա հնարավորություն է արագացնելու առօրյա աշխատանքը և ընդլայնելու թեմատիկ ու մուլտիմեդիոն ընդգրկումը։
Այնուամենայնիվ, տեղեկատվության արտադրության միայն արագությունն այլևս չի երաշխավորում խմբագրության մրցակցային առավելություն։ Եթե նեյրոցանցն ունակ է լրատվական տեքստի սևագիրը պատրաստել վայրկյանների ընթացքում, խմբագրության արժեքը որոշվում է այլ բանով՝ աղբյուրներին հասանելիությամբ, բացառիկ փաստեր կորզելու, տեղեկատվությունը ստուգելու և բացատրելու, թե ինչու է իրադարձությունը կարևոր լսարանի համար։
«Նովոստի-Արմենիա»-ի համար հեռանկարային մոդելը տեխնոլոգիաների, լրագրողական փորձի և խմբագրական վերլուծաբանության փոխգործակցությունն է։ ԱԲ-ն կարող է իր վրա վերցնել ամենօրյա գործողությունների մի մասը, սակայն թեմայի ընտրությունը, դրա հասարակական նշանակության գնահատումը, պատրաստված նյութերի ստուգումը և հրապարակվածի համար պատասխանատվությունը պետք է մնան մարդու հետևում։
Ինչ են ասում հայ փորձագետները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում ԱԲ-ի երկակի ազդեցության վրա․ այն բարձրացնում է խմբագրությունների արդյունավետությունը, բայց միևնույն ժամանակ ընդլայնում է տեղեկատվական մանիպուլյացիաների հնարավորությունները։ Ինչպես ավելի վաղ նշել է փորձագետը, նեյրոցանցերը թույլ են տալիս զանգվածաբար ստեղծել հրապարակումներ և կեղծ օգտահաշիվներ, հաղորդագրությունները հարմարեցնել տարբեր լեզուների ու լսարանների համար։
Նման պայմաններում փաստերի ստուգումը (fact-checking) պետք է դառնա ոչ թե լրագրողի հավելյալ առաջադրանք, այլ խմբագրական գործընթացի պարտադիր մաս։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն իր հերթին ԱԲ-ի մեջ տեսնում է պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունն ամրապնդելու հնարավորություն։ Նա նշում է, որ տեխնոլոգիաները կարող են արագացնել բովանդակության արտադրությունը, բարելավել որոնողական օպտիմալացումը և լսարանի հետ աշխատանքը, ինչպես նաև կրճատել ծախսերը։ Սակայն սինթետիկ նյութերի տարածումը մեծացնում է այն աղբյուրների պահանջարկը, որոնք ունակ են տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծիքից։
Միջազգային լրագրող և մեդիամանկավարժ Տաթև Հովհաննիսյանն առանձնացնում է ևս մեկ խնդիր՝ հայերեն լեզվով ԱԲ-ի աշխատանքի որակը։ Թվային տվյալների սահմանափակությունը դժվարացնում է լեզվական նուրբ երանգների և մշակութային համատեքստի փոխանցումը։ Տեքստը կարող է քերականորեն ճիշտ լինել, բայց հնչել անբնական, հիշեցնել բառացի թարգմանություն և կորցնել հեղինակային ինտոնացիան։
Այս գնահատականները ցույց են տալիս․ արդյունքը կախված է ոչ այնքան տեխնոլոգիական գործիքների առկայությունից, որքան աշխատակիցների կարողություններից, խմբագրական կանոններից և վերահսկողության որակից։
Ռիսկեր․ ֆեյքեր, լսարանի և եկամուտի կորուստ
Լրագրության համար սպառնալիքը չի սահմանափակվում աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ։ ԱԲ-ն փոխում է տեղեկատվության ստեղծման և տարածման ամբողջ շղթան, իսկ դրա հետ մեկտեղ՝ ԶԼՄ-ների տնտեսությունը։
Եթե օգտատերը պատրաստի պատասխանը ստանում է որոնողական համակարգից կամ ԱԲ-ասիստենտից, նրան կարող է անհրաժեշտ չլինել անցնել այն պարբերականի կայք, որը հավաքել և ստուգել է տեղեկատվությունը։ Խմբագրությունը կրում է բնօրինակ նյութի արտադրության ծախսերը, մինչդեռ թվային հարթակները հնարավորություն են ստանում այն օգտագործել սեփական ծառայություններում։
Փոփոխությունների մասշտաբն արտացոլում է Reuters Լրագրության ուսումնասիրության ինստիտուտի (Reuters Institute) Digital News Report 2026-ը։ Ըստ հետազոտության՝ ընդգրկված երկրներում հարցվածների 10%-ը շաբաթական կտրվածքով օգտագործում է ԱԲ-չատբոտեր՝ նորություններ ստանալու համար։
Ընդ որում, Chartbeat վերլուծական ընկերության տվյալներով, որոնք ներկայացված են զեկույցում, Google-ի օրգանական որոնողական թրաֆիկը ավելի քան 2.5 հազար կայքերում աշխարհում նվազել է 33%-ով 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի նոյեմբերը։ Թեև այս նվազումը չի կարելի ամբողջությամբ բացատրել ԱԲ-ի զարգացմամբ, միտումն ուժեղացնում է հրատարակիչների անհանգստությունը թվային հարթակներից կախվածության վերաբերյալ։
Հեղինակային իրավունքների պաշտպանության և լրագրողական բովանդակության վճարման հարցը դառնում է միջազգային օրակարգի թեմա։ Մասնավորապես, SPUR (Standards for Publisher Usage Rights) կոալիցիան հանդես է գալիս ԱԲ համակարգերի կողմից հրատարակիչների նյութերի օգտագործման թափանցիկ կանոնների օգտին և մշակում է տեխնիկական ստանդարտներ, որոնք թույլ են տալիս հետևել նման օգտագործմանը և պայմաններ ստեղծել բովանդակության արդար լիցենզավորման համար։
Ոչ պակաս լուրջ է համոզիչ, բայց կեղծ տեքստերի, պատկերների, աուդիոյի և տեսանյութերի տարածման ռիսկը։ Սխալ մեջբերումը կամ կեղծ ձայնագրությունը քաղաքական լարվածության և ճգնաժամերի պայմաններում կարող են իրական վնաս հասցնել։ Ուստի լրագրությունը ստանում է նոր գործառույթ՝ ոչ միայն հայտնել իրադարձությունների մասին, այլև հաստատել տեղեկատվության իսկությունը։
Ինչպես ԶԼՄ-ները գումար աշխատեն ԱԲ-ի դարաշրջանում
Մոնետիզացիայի ունիվերսալ մոդել դեռևս չկա, բայց խմբագրությունները կարող են զարգացնել մի քանի ուղղություններ․
Բովանդակության լիցենզավորում․ հասնել թափանցիկ պայմանների և վճարման ԱԲ հարթակների կողմից լրագրողական նյութերի օգտագործման համար։ Օրինակ, հոկտեմբերի 15-ին Reuters-ը հայտնեց, որ CNN-ը, Financial Times-ը, Axios-ը և այլ հրատարակիչներ միացել են Google-ի ծրագրին, որը նախատեսում է լրատվական բովանդակության լիցենզավորում ԱԲ ծառայությունների համար և վճարումներ մասնակից ԶԼՄ-ներին։ Համաձայնագրերի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։
Բացառիկ տեղեկատվություն և վերլուծություն․ լսարանին առաջարկել սեփական հետաքննություններ, նորություններ, փորձագիտական մեկնաբանություններ և բարդ գործընթացների բացատրություն։
Գովազդային նոր ձևաչափեր․ զարգացնել թեմատիկ հատուկ նախագծեր և մուլտիմեդիոն պրոդուկտներ՝ պահպանելով խմբագրական անկախությունը։
Մասնագիտացված տեղեկատվական ծառայություններ․ բիզնեսին տրամադրել ստուգված տվյալներ, ոլորտային ակնարկներ և վերլուծական պրոդուկտներ։
Այս ուղղություններից և ոչ մեկն ինքնին հաջողություն չի երաշխավորում։ ԶԼՄ-ները ստիպված կլինեն ավելի լավ հասկանալ լսարանին, ստեղծել պահանջված պրոդուկտներ և նվազեցնել կախվածությունը թվային հարթակներից։
Ինչու է սա հատկապես կարևոր Հայաստանի համար
Հայկական փոքր մեդիաշուկայի համար ԱԲ-ն հնարավորություն է բացում անելու ավելին նույն ռեսուրսների պայմաններում։ Բայց միևնույն ժամանակ սրում է հայալեզու բովանդակության որակի, տեղական տվյալների պակասի և հասարակական-քաղաքական համատեքստի մեկնաբանման սխալների խնդիրները։
Ընդ որում, հայկական խմբագրություններն ունեն առավելություն, որը դժվար է ավտոմատացնել․ երկրի իմացությունը, հասանելիությունը տեղական աղբյուրներին, պաշտոնյաներին ու փորձագետներին հարցեր տալու հնարավորությունը, ըմբռնումը, թե ինչպես են իշխանությունների, բիզնեսի և միջազգային դերակատարների որոշումներն անդրադառնում մարդկանց կյանքի վրա։
Հենց դրա վրա կարող է կառուցվել ԶԼՄ-ների զարգացումը․ սա անցում է նորությունների պարզ վերարտադրությունից դեպի վերլուծություն, իրադարձությունների հետևանքների բացատրություն և լսարանի իրական պահանջներին համապատասխանող պորդուկտների ստեղծում։
Ապագան այն խմբագրությանն է, որը կարողանում է փոխվել
ԱԲ-ն չի չեղարկում լրագրությունը, այլ ստիպում է նրան նորովի ապացուցել իր արժեքը։ Եթե խմբագրությունը սահմանափակվում է ուրիշի հաղորդագրությունների վերաշարադրմամբ рерайт, ավտոմատացումը դառնում է ուղղակի մրցակից։ Եթե այն կորզում է փաստեր, ստուգում տեղեկատվությունը, առաջարկում սեփական փորձագիտությունը և բացատրում բարդ գործընթացները, տեխնոլոգիաները կարող են ուժեղացնել նրա հնարավորությունները։
Հայ մամուլի օրն առիթ է հիշելու, որ երկու դարից ավելի ժամանակահատվածում փոխվել են տեղեկատվության կրիչները, դրա տարածման արագությունը և լսարանի հետ շփման ձևերը։ Անփոփոխ է մնացել հավաստի տեղեկության և դրա ճշգրտության համար պատասխանատվություն կրելու պատրաստ մարդկանց հասարակական պահանջարկը։
ԶԼՄ-ների ապագան կորոշի ոչ թե մարդու և մեքենայի հակամարտությունը, այլ ԱԲ-ի արագությունը լրագրողական ստուգման, հեղինակային մտածողության և ընթերցողի առջև պատասխանատվության հետ համադրելու խմբագրությունների ունակությունը։ Նեյրոցանցը կարող է արտադրել ավելի շատ բովանդակություն, բայց հենց պրոֆեսիոնալ խմբագրությունը պետք է որոշի, թե ինչն է արժանի վստահության։
Գալինա Դավիդյան
«ԱՄԻ Նովոստի-Արմենիա»–ի տնօրեն

