Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի իր պարտքը բնությանը

16.10.2026, 11:55
Հայաստանը պետք է վերադարձնի իր պարտքը բնությանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրբաթ  Երևանում ելույթ ունենալով COP17-ի շրջանակում անցկացվող  Առաջնորդների գագաթնաժողովի բացմանը
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի իր պարտքը բնությանը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիները պարտք ունեն վերադարձնելու իրենց պետությանը», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրբաթ Երևանում ելույթ ունենալով COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացմանը:

Վարչապետը հիշատակել է 90-ական թվականների ծանր տարիները, երբ մարդիկ իրենց տները ջեռուցում էին փայտի վառարաններով, իսկ այդ պահին փաստացի միակ սնունդը Սևանի սիգն էր։

«Հայաստանի Հանրապետության կառավարության համար սա առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ. Հայաստանի համար դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: 1990-ականներին երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ կամ քարածուխ չկար և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով: Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսվեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ շահութաբեր բիզնեսներից մեկը: Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ ու կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր վնաս հասցրեց մեր բնությանն ու կենսաբազմազանությանը», - արձանագրել է նա:

Փաշինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնում իր առաջին հրահանգներից մեկը եղել է անտառների ապօրինի հատումների դադարեցումը, ինչը հանգեցրել էր հակազդեցության և բողոքի ակցիաների։

Վարչապետն ընդգծել է, որ մեկ-երկու տարի անց ապօրինի անտառահատումներով զբաղվող բազմաթիվ մարդիկ փոխեցին իրենց գործունեության տեսակը: Այն նույն մեքենաներով, որոնցով փայտ էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին զբոսաշրջիկներ տեղափոխել անտառներ և սարեր՝ ցուցադրելու վայրի բնությունը։

«Անշուշտ, մարդկանց նոր հոսքերը, իրենց հերթին, առաջացնում են նոր մարտահրավերներ։ Այնուամենայնիվ, զուգահեռաբար աճում է մարդկանց իրազեկվածությունը ածխածնային հետքի կրճատման անհրաժեշտության մասին, իսկ կառավարությունը քայլեր է ձեռնարկում այդ գործընթացը խրախուսելու համար։ Սևանա լճի կենսաբազմազանության պաշտպանության համար նույնպես ընդունվել են կարգավորող էական միջոցառումներ»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է նաև վերջին տարիներին սիգի և իշխանի պոպուլյացիայի աճի, կովկասյան հովազի և ազնվացեղ եղջերուների պահպանության մասին: