«Դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞»․ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը, նախօրեին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Նոր բանագնացի անուն որ լինի, կհնչեցնենք։ Անկեղծ ասած, դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա։ Որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը լինի ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը», - նշել է Միրզոյանը նախօրեին ԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի համատեղ մամուլի ասուլիսում։
Նա հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները գրեթե ամենօրյա կապի մեջ են, իսկ երկկողմ երկխոսությունը շարունակվում է։
«Վերջնական նպատակը դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումն է և սահմանի ամբողջական բացումը, որն այս պահին չկա։ Գործընթացն այնքան հասունացած է, որ արդեն շատ բնական կլինի ցանկացած օր ունենալ վերջնական և ամբողջական կարգավորում», - հայտարարել է Միրզոյանը։

