«Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, Ձեր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում». Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեի հայտարարություններին, որոնցում նա Հայաստանն անվանել է «ֆաշիստական» և «ահաբեկչական» պետություն:
«Մեր Ազգային ժողովի ամբիոնից և մեր լրատվամիջոցներում էլ ոչ պակաս վատ արտահայտություններ ենք անում և ոչ պակաս բաներ ենք հնչեցնում», - ասել է Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։
ԱԽ քարտուղարը հայտնել է, որ ինքը խոսել է նաև Ալիևի հետ՝ ընդգծելով, որ խաղաղության մասին խոսելիս կարևոր է նաև Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը։
«Ես, բացի Հաջիևին (Ալիևի օգնական - խմբ.) ասելուց, հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին ասել, խնդրել եմ՝ ասել եմ՝ Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է», - նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը լսել է իրեն և պատասխանել՝ «լավ»։ Սիմոնյանը նշել է, որ չի կարող ասել՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է իր ասածը, թե ոչ, սակայն այդպիսի խոսակցություն եղել է։

