«Ադրբեջանի կողմից ևս կառուցողական մոտեցում կա»․ Միրզոյանն՝ անկլավների և էքսկլավների փոխանակման մասին

15.10.2026, 15:44
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների փոխանակումը կարող է լինել հարցի լուծման տարբերակներից մեկը, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Ադրբեջանի կողմից ևս կառուցողական մոտեցում կա»․ Միրզոյանն՝ անկլավների և էքսկլավների փոխանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների փոխանակումը կարող է լինել հարցի լուծման տարբերակներից մեկը, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ևս կա կառուցողական մոտեցում։

«Լուծումներից մեկն է՝ կարան անկլավները, որոնք երկրները ունեցել են, մեկը մնա մյուսին, մյուսը մնա մյուսին։ Կարող են փոխանակվել, կարող են ուրիշ տարբերակներ լինեն տեսականորեն, այսինքն՝ համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանի մոտ։ Սրանք տեսական բաներ եմ ասում։ Կարող եմ ասել, որ իրենց (Ադրբեջանի - խմբ.) կողմից ևս կա կառուցողական մոտեցում այս հարցի նկատմամբ», — ասաց Միրզոյանն այսօր Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ չի ցանկանում կանխորոշել հնարավոր պայմանավորվածությունները։

Միրզոյանի խոսքով՝ եթե Հայաստանի՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի որևէ հատված փոխանցվի այլ պետության, և դրա դիմաց այլ տարածք ստացվի, ապա տարածքների նման փոփոխությունը ենթադրում է համաժողովրդական քվեարկություն։

Նա նաև ավելացրեց, որ արդյունքները կներկայացվեն հանրությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցի լուծման տարբերակներից մեկը տարածքների փոխանակումն է։ Նրա խոսքով՝ նպատակն այնպիսի լուծում գտնելն է, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն։

Նա նշել է, որ խոսքը «Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի մասին է»։ Փաշինյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում և ճշգրիտ որոշել համապատասխան տարածքների, այդ թվում՝ Արծվաշենի սահմաններն ու չափերը։ Դեռ պետք է հստակեցվեն նաև հնարավոր լուծման տեխնիկական և իրավական ձևակերպումները, այդ թվում՝ հանրաքվեի անհրաժեշտության հարցը։

Կարդացեք նաև․ Փաշինյանը չի բացառել Արծվաշենը տեղափոխելու տարբերակը (ՎԻԴԵՈ)