«Փորձանմուշներն ուղարկել ենք նաև այլ երկրներ»․ Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

15.10.2026, 17:00
Ծավ գյուղի խմելու ջրի փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների համադրելիությունը ստուգելու համար, ասել է Ավանեսյանը
«Փորձանմուշներն ուղարկել ենք նաև այլ երկրներ»․ Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Ծավ գյուղի խմելու ջրի փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների համադրելիությունը ստուգելու համար։

«Երբ ունեցել ենք փորձաքննության արդյունքները, ըստ հաջորդ ընթացակարգերի՝ պետք է իրականացնենք կրկնակի փորձաքննություններ․ նաև այլ երկրներ ենք ուղարկել փորձանմուշներ, որպեսզի վստահ լինենք, որ բոլոր լաբորատորիաների կողմից տրված փորձաքննության արդյունքները համադրելի են մեթոդաբանության և այլնի առումով», - ասել է Ավանեսյանը ճեպազրույցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ հնարավոր շեղումների դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ դրանք հաստատելու կամ բացառելու, ինչպես նաև շեղման տոկոսը վերահաստատելու համար, քանի որ մի քանի լաբորատորիաների արդյունքների դեպքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում դրանք հաստատել ռեֆերենս աստիճանի լաբորատորիայում։

«Այս բոլոր աշխատանքները մեր ստեղծած աշխատանքային խմբում իրականացվում են, նորից ժամանակ առ ժամանակ նմուշներ են վերցվում։ Առաջիկայում կամփոփենք և հասարակությանը կտրամադրենք», - նշել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ կրկնակի փորձաքննությունների արդյունքներով նախարարությունը խնդիր չի տեսնում, սակայն անհրաժեշտ է շարունակել ստուգումները՝ համոզվելու, որ ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմատիվներով սահմանված չափաքանակներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ծավ գյուղի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը։ Բնակիչներից մեկը հայտնել էր, որ իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։ Տուժածներ չեն եղել, սակայն գերատեսչությունը բնակիչներին կոչ է արել մինչև ջրի որակի վերականգնումը ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։