COP17-ին կլինի՞ մասնակցություն Ադրբեջանից ու Թուրքիայից․ Փաշինյանը պարզաբանել է
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան COP17-ին կներկայանա նախարարական մակարդակով, մինչդեռ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չկա, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես գիտեմ, որ Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ հաստատում, գոնե ինձ, նման տեղեկատվություն չի հասել», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը: Համաժողովի հիմնական թեմաները կլինեն կենսաբազմազանության պահպանումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման մոբիլիզացումը և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը: Փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ի պահպանում մինչև 2030 թվականը:

