Հայաստանում նախատեսվում է փոխել զինապարտների հաշվառման կարգը․ ինչ տվյալներ կստանան զինկոմիսարիատները

15.10.2026, 16:22
Աշխատանքից մինչև սահմանահատումներ․ ինչ տվյալներ կստանան զինկոմիսարիատները զինապարտների մասին
Հայաստանում նախատեսվում է փոխել զինապարտների հաշվառման կարգը․ ինչ տվյալներ կստանան զինկոմիսարիատները

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել զինապարտության կատարման ապահովման և զինվորական հաշվառման կարգավորումներում։

Համապատասխան դրույթներն ամրագրված են «Պաշտպանության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթում։

Նախագծի տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման համակարգում միջգերատեսչական փոխգործելիության հարթակների միջոցով տեղեկատվության ստացմամբ, որի արդյունքում զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարությունը (զինվորական կոմիսարիատները) ստանում է ինքնաշխատ եղանակով՝ համապատասխան պետական մարմինների էլեկտրոնային շտեմարաններից։

Ինչ է նախատեսվում փոխել

Գործող կարգավորմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները պարտավոր են վարել զինապարտների գրանցամատյաններ, կազմել զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակներ և դրանք ներկայացնել զինվորական կոմիսարիատներին։

Նրանք պարտավոր են նաև տվյալներ տրամադրել բնակության վայրի կամ աշխատանքի (ուսումնական հաստատության) փոփոխության վերաբերյալ։

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, այս մեխանիզմը ձևավորվել է այն պայմաններում, երբ զինապարտների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացված կերպով չէր հավաքագրվում, իսկ պետական մարմինների միջև տվյալների փոխանակումն իրականացվում էր հիմնականում ձեռքով կամ գրավոր հաղորդումների միջոցով։

Ներկայում զինապարտների վերաբերյալ տվյալների հիմնական մասն առկա է համապատասխան պետական մարմինների վարած էլեկտրոնային շտեմարաններում, իսկ այդ տվյալների ստացումը հնարավոր է իրականացնել միջգերատեսչական փոխգործելիության հարթակների միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից զինապարտների առանձին գրանցամատյանների վարումը և ցուցակների ներկայացումը հանգեցնում են նույն տեղեկատվության կրկնակի հավաքագրման, վարչարարական բեռի ավելացման և տվյալների հնարավոր անհամապատասխանության։

Առաջարկվող կարգավորման շրջանակում զինապարտության ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատներին կտրամադրվի փոխգործելիության հարթակի միջոցով։

Ինչ պարտավորություններ կունենան գործատուներն ու ուսումնական հաստատությունները

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով նախատեսվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու ուսումնական հաստատությունները պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատի գրավոր պահանջով իրենց համակարգերում աշխատող կամ սովորող զինապարտ քաղաքացիներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին։

Նրանք պարտավոր են նաև զինապարտ քաղաքացիներին ազատել աշխատանքից, ծառայողական պարտականությունների կատարումից կամ ուսումնառությունից՝ համապատասխանաբար պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամկետով։

Ինչ տեղեկություններ կտրամադրի ՆԳՆ-ն

Օրենքի նախագծի համաձայն՝ ներքին գործերի ոլորտի պետական լիազոր մարմնի համակարգի մարմինները պարտավոր են զինվորական կոմիսարիատներին տրամադրել տեղեկատվություն՝

·        հաջորդ տարում 16 տարին լրացող արական սեռի ՀՀ քաղաքացիների,

·        ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց,

·        ՀՀ քաղաքացիության կարգավիճակը չորոշված անձանց,

·        հիմնական հասցեն փոխած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ։

Այս տեղեկատվությունը նախատեսվում է տրամադրել զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառման վարման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինելու հանգամանքը հստակեցնելու նպատակով։

ՆԳՆ համակարգի մարմինները պետք է տեղեկություններ տրամադրեն նաև զինապարտ քաղաքացու նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու կամ դատվածություն ունենալու վերաբերյալ՝ զինվորական ծառայության ներգրավման կարգավիճակը հստակեցնելու և պատշաճ ծանուցումների գործընթացը կազմակերպելու նպատակով։

Նախատեսվում է տրամադրել նաև զինապարտ քաղաքացու վարորդական վկայականի վերաբերյալ տեղեկատվություն՝ զինվորական ծառայության շրջանակներում ծառայության վայրը տեղորոշելու նպատակով։

Հաշմանդամության և կենսաթոշակի վերաբերյալ տվյալներ

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի պետական լիազոր մարմնի համակարգի մարմինները պարտավոր կլինեն զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացու, նրա ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր (առկայության դեպքում) հաշմանդամության առկայության, հաշմանդամության խմբի կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի կամ օրենքով սահմանված կենսաթոշակառու հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն։

Այս տվյալները նախատեսվում է օգտագործել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, զինվորական ծառայության վայրի նշանակման կամ զինվորական ծառայությունից արձակման հիմքերի ստուգման նպատակով։

Ինչ տվյալներ կտրամադրեն Արդարադատության նախարարությունն ու նախաքննություն իրականացնող մարմինները

Արդարադատության ոլորտի պետական լիազոր մարմնի համակարգի մարմինները զինվորական կոմիսարիատներին կտրամադրեն զինապարտ քաղաքացու և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում առկա տեղեկատվությունը։

Կտրամադրվեն նաև զինապարտ քաղաքացու կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու կամ պատժից ազատվելու վերաբերյալ տեղեկություններ։

Նույն մարմինները պարտավոր կլինեն տեղեկատվություն տրամադրել զինապարտ քաղաքացու աշխատավայր հանդիսացող կազմակերպության, ինչպես նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող կազմակերպությունների վերաբերյալ՝ զինապարտ քաղաքացիների և կազմակերպությունների պատշաճ ծանուցումների ու ամրագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։

ՀՀ նախաքննություն իրականացնող մարմինները զինվորական կոմիսարիատներին կտրամադրեն զինապարտ քաղաքացու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված լինելու, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հանրային քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը։

Արտերկրում գտնվող զինապարտների և սահմանահատումների վերաբերյալ տվյալներ

Արտաքին գործերի և միջազգային առևտրի ոլորտի պետական լիազոր մարմնի համակարգի մարմինները պարտավոր կլինեն զինվորական կոմիսարիատի գրավոր պահանջի դեպքում ծանուցել հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտ քաղաքացուն։

Նրանք պետք է զինվորական կոմիսարիատին տրամադրեն զինապարտ քաղաքացուն տրամադրված ծանուցումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրենց իրավասությունների շրջանակներում աջակցեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց վերադարձին Հայաստանի Հանրապետություն։

Ազգային անվտանգության ոլորտի պետական լիազոր մարմինը պարտավոր կլինի զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացու սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը։

Այդ տեղեկությունները նախատեսվում է օգտագործել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային պատրաստության միջոցառումների ապահովման շրջանակներում զինապարտի պատշաճ ծանուցումների գործընթացը կազմակերպելու նպատակով։

Կրթության և աշխատանքի վերաբերյալ տվյալներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի պետական լիազոր մարմնի համակարգի մարմինները զինվորական կոմիսարիատներին կտրամադրեն քաղաքացիների ուսումնառության և կրթության վերաբերյալ տեղեկատվությունը՝ կարողությունների հստակեցման, արտոնությունների տրամադրման և զինվորական հաշվառումը կազմակերպելու նպատակով։

Պետական եկամուտների ոլորտի պետական լիազոր մարմինը պարտավոր կլինի տրամադրել զինապարտ քաղաքացու գործատուի, տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու, պաշտոնի փոփոխության, զբաղեցրած պաշտոնի և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։

Այս տվյալները նախատեսվում է օգտագործել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային պատրաստության միջոցառումների ապահովման շրջանակներում զինապարտի պատշաճ ծանուցումների և ամրագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։

Զինապարտների անձնական գործերը կվարվեն էլեկտրոնային համակարգում

Նախագծով նախատեսվում է, որ զինվորական հաշվառման նպատակով զինապարտ քաղաքացու վերաբերյալ անձնական գործը կկազմվի և կվարվի զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգում։

Անձնական գործում ներառման ենթակա՝ էլեկտրոնային եղանակով ոչ առկա փաստաթղթերն ու տեղեկությունները կպահպանվեն թղթային եղանակով, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները նույնպես կներառվեն զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգում։

Տվյալների միասնականությունն ու համակարգված կիրառումն ապահովելու նպատակով զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգը կվարի ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ռազմատրանսպորտային պարտականության վերաբերյալ տվյալներ

Նախագծով նախատեսվում է նաև, որ ազգային անվտանգության ոլորտի պետական լիազոր մարմինը զինվորական կոմիսարիատներին կտրամադրի ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում հաշվառված տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը։

Տեղեկատվությունը կտրամադրվի տրանսպորտային միջոցների ներգրավման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող կազմակերպություններին պատշաճ ծանուցումների գործընթացը կազմակերպելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտի պետական լիազոր մարմինը կտրամադրի տեղեկություններ այդ տրանսպորտային միջոցների գազաբալոնային համակարգերի առկայության և տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ։

Այս տեղեկությունները նույնպես նախատեսվում է օգտագործել տրանսպորտային միջոցների ներգրավման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող կազմակերպություններին պատշաճ ծանուցումների գործընթացը կազմակերպելու նպատակով։

Ինչ է փոխվելու բնակության վայրի հաշվառման հարցում

Նախագծի տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է փոփոխել քաղաքացու բնակության վայրի հաշվառման կամ հաշվառման փոփոխության նկատմամբ գործող սահմանափակումը, որը կապված է զինվորական կոմիսարիատներում նրա ունեցած պարտավորությունների հետ։

Հիմնավորման համաձայն՝ զինապարտների վերաբերյալ տվյալները զինվորական կոմիսարիատներին հասանելի են դառնում Բնակչության պետական ռեգիստրի և այլ համապատասխան պետական շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, արդիականությունը և ինքնաշխատ փոխանցումը՝ առանց քաղաքացու մասնակցության։

Երբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները

Նախագծի համաձայն՝ տեղեկատվության կազմը, տրամադրման ձևը, պարբերականությունը, ժամկետներն ու կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը՝ ապահովելով, որ տրամադրվող տեղեկատվությունը սահմանափակվի դրա մշակման նպատակի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն տվյալների շրջանակով։

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում։

Նախագծի տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։