Փաշինյանը՝ Գուտերեշին․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի գլխավոր նպատակներն են
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը հայկական իշխանությունների հիմնական նպատակն են, Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա», - ասել է նա:
Իր հերթին Անտոնիու Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։ Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և փոխգործակցության խթանման գործում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

