«Մեղմ ասած, ողջունում եմ քաղաքապետարանի գործողությունները»․ Փաշինյանը՝ Շինարարներում ապամոնտաժումների մասին

15.10.2026, 16:04
Փաշինյանը մեկնաբանել է քաղաքապետարանի՝ Շինարարներում   ապամոնտաժման գործողությունները
«Մեղմ ասած, ողջունում եմ քաղաքապետարանի գործողությունները»․ Փաշինյանը՝ Շինարարներում ապամոնտաժումների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարարել է, որ ողջունում է Շինարարների փողոցում Երևանի քաղաքապետարանի ապամոնտաժման գործողությունները։

«Վերջին օրերին շատ քննարկվում են Աջափնյակում տեղի ունեցող պրոցեսները։ Ես նախ ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, մեղմ ասած՝ ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած պրոցեսները», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում։

Նա հիշեցրել է, որ իշխանությունն այդ գործընթացները սկսել էր դեռևս 2018 թվականին, սակայն հետագայում այդ քաղաքական կամքը ինչ-ինչ պատճառներով չի շարունակվել։

«Մենք այդ օրակարգից երբեք ոչ մի վայրկյան չենք հրաժարվել։ Այլ բան է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներն ինչքանով են հնարավորություն տվել, որ մենք գնանք այդ ճանապարհով»,- նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ սա շատ կարևոր քաղաքական պրոցես է, և իրենք ոչ մի վայրկյան այս օրակարգից չենք հրաժարվել։

«Մենք սրա մասին ասել ենք. այլ բան է՝ մարդիկ ինչքանով են լուրջ վերաբերվել, ինչքանով են մտածել, որ մենք իրոք հավատարիմ ենք այդ օրակարգին, ինչքանով են մտածել, որ մենք կկարողանանք դա անել», - նշել է Փաշինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից։ Դրանից հետո կրպակատերերը բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։